Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործով առաջին դատական նիստը կկայանա մարտի 5 -ին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Նիստը տեղի կունենա Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2005թ. հունվարի 14-ից մինչև 2010թ. դեկտեմբերի 17– ն աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնում, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնեկան կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ գումարները:

Բացի այդ` Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումարը:

Բացի Խաչիկյանից՝գործով որպես մեղադրյալ անցնում է ևս 26 մարդ, որոնցից 6-ը կալանավորված է: