Այսօր ԱԺ նիստում շարունակվեց երեկ ընդհատված հարցերի քննարկումը: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին այսօր պատասխանեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ«Որոտան»-ի հիմնական արտադրական հզորությունը վաճառվել է, սակայն այս պահին արտադրվում է հոսանք, և մյուս կողմից չկա լիցենզավորված կազմակերպություն, որը կարտադրեր այդ հոսանքը:Պատգամավորը ցանկանում էր իմանար, թե ով է հիմա արտադրում այդ էլեկտրաէներգիան:

Ռոբերտ Նազարյանը նշեց, որ շարունակվում է Որոտանի գործունեությունը՝ գործող օրենքների համաձայն:

«Կդիմեն մեզ նոր լիցենզիա ստանալու հայտով, նախկին լիցենզավորումը կդադարեցնենք ու կտրամադրենք նոր լիցենզիա: Առայժմ Որոտանն աշխատում է բնականոն ընթացքով», - նշեց նա:

Հարց ուղղեց նաև ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը, ով հետաքրքրվում էր այլընտրանքային էներգիայի արտադրումից, ինչին ի պատասխան Նազարյանը նշեց, որ թեև արևային էլեկտրաէներգիան որպես այլընտրանքային էներգիա բարձր է գնահատվում աշխարհում, սակայն այն տեխնոլոգիաները, որոնք կան Հայաստանում՝ դեռևս բարձր սակագին ունեն: