Այսօր խորհրդարանում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ամբիոնի մոտ հրավիրելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, նրան դիմել էր հայրանունով, այսինքն՝ Ռոբերտ Նիկոլայեվիչ:
Իր ելույթի սկզբում անդրադառնալով այս փաստին, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կոչ արեց այստեղ իրար չդիմել ռուսերենի պես ՝ հայրանուններով և խոսել միայն ճիշտ հայերենով:

«Ոչ թե Ռոբերտ Նիկոլայեվիչ, այլ՝ Ռոբերտ Նազարյան: Շատ սիրուն է հնչում», - նշեց նա:
Շարունակելով իր խոսքը, նա թվարկեց նաև այլ բառեր: Մանուկյանը նշեց՝ ոչ թե վերաբերվում է, այլ վերաբերում է, ոչ թե գույքեր, այլ գույք և այլ օրինակներ:

Նշենք, որ ելույթի ընթացքում պատգամավորն օգտագործեց օտար լեզվով մի բառ, որն էլ չվրիպեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից, որն էլ նշեց այդ մասին, ինչին ի պատասխան ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ եթե ինքը բառ է ասում, որի նշանակությունը չակերտներով է՝ կարող է նաև անգլերեն բառեր օգտագործել:
«Ինձ հետ լեզվի հարցում մի մրցեք»,- կոչ արեց պատգամավորը: