«ԱՄՆ-ում ուսանող Զարուհի Փոստանջյանի մանդատի ճակատագիրը Աժ խոսնակը կարող է իր ուզած ձևով լուծել։ Աժ կանոնակարգ-օրենքով Հովիկ Աբրահամյանը կարող է հիմնավորել «սիրուն կնոջը» և մանդատից զրկելու, և չզրկելու իր քայլը։
Ըստ Աժ կանոնակարգի, նախագահը կարող է մանդատից չզրկել պատգամավորին հետևյալ դեպքերում. առաջին եթե, պատգամավորը ներկայացնում է անաշխատունակության թերթիկ։ Այսինքն, Զարուհի Փոստանջյանը պետք է «հիվանդության թուղթ» ներկայացնի, ինչը տվյալ դեպքում բացառվում է։

Երկրորդ, եթե պատգամավորը Աժ-ից է գործուղման մեկնել, ինչը նույնպես Զարուհի Փոստանջյանի պարագայում իրականությանը չի համապատասխանում։

Երրորդ դրույթն ամենաէականն է. ըստ կանոնակարգի, պատգամավորը կարող է իր բացակայությունը հիմնավորել այնպիսի պատճառաբանությամբ, ինչն Աժ նախագահը հարգելի կհամարի։

Ահա այստեղ է թաղված շան գլուխը։ Եթե Հովիկ Աբրահամյանը ցանկություն ունենա, որ Զարուհի Փոստանջյանը մնա պատգամավոր, անպայման հարգելի պատճառ կգտնվի, եթե ոչ, Աժ խոսնակը միանշանակ կարող է հիմնավորել իր որոշումը։
Զարուհի Փոստանջյանն ունի ևս մի տարբերակ, որի պարագայում հաստատ Հովիկ Աբրահամյանը չի զրկի նրան մանդատից. խնամիանալ Հովիկ Աբրահամյանի հետ»,–գրում է թերթը։