Գերմանական Deutsche Welle պարբերականի թուրքական ծառայությունը փոխանցել է,որ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ 1915թ-ին հայերի դեմ իրականացվածը ցեղասպանություն է և նշել, որ սա առիթ է, որպեսզի Չեխիան բարձարաձայնի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը իրենց օրակարգում: Պարբերականի փոխանցմամբ, Չեխիան կարող է շուտով հայտնվել Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ցանկում:
Չեխիայի նախագահը նաև շեշտել է, որ 1915թ-ին 1.5 միլիոն հայ է կոտորվել: Սա չեխ սենատոր Ժարոմիր Ստետինան ընկալել է՝ որպես Հայոց ցեղասպանության ճանաչման համար ազդանշան և հայտարարել, որ մինչև տարեվերջ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ կներկայացնի և մինչև 2015թ-ի ապրիլը Չեխիան պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը։