Գերմանական Բունդեսլիգայի 20-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» Բրեմենում 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Վերդերի» նկատմամբ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը եւ, խաղակեսերից յուրաքանչյուրում խփելով մեկական գոլ, դարձավ դուբլի հեղինակ: 25-ամյա Մխիթարյանը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 5-ի: Դորտմունդցիներից 2 գոլ խփեց նաեւ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին:
Միավորներ չկորցրեց նաեւ առաջատար Մյունխենի «Բավարաիան», որն արտագնա խաղում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Նյուրնբերգի» դարպասը եւ 56 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: Լավագույն եռյակը եզրափակող Դորտմունդի «Բորուսիան» ունի 39 միավոր եւ 4 միավոր զիջում է երկրորդ տեղում գտնվող Լեւերկուզենի «Բայերին»: