Ֆեյսբուք սոցիալական ցանցում արդեն մի քանի օր է գոյություն ունի «Պրոսպեկտ Մոլ» անվանում էջ:
Էջում, որպես նկարագրություն, տրված է հետևյալը.
««Պրոսպեկտ Մոլ» զվարճաառևտրային համալիրը տեղակայված է Երևանի կենտրոնում:
Պրոսպեկտ Մոլը նախատեսված է տարբեր տարիքային ու սոցիալական խմբերի համար: Այն մեկ հարկի տակ համախմբում է բազմաթիվ հանրահայտ միջազգային և հայաստանյան բրենդային խանութներ, սրճարան և ռեստորան, Մադագասկար խաղահրապարակ, սուպերմարկետ, բոուլինգ, մանկական խաղահրապարակ, արագ սննդի սպասարկման առաջատար օպերատորներ և ամենակարևորը հարմարավետ ավտոկայանատեղի:
Համալիրն առանձնանալու է հարմարավետ լայն ու լուսավոր սրահներով, միջանցքներով և հաճելի միջավայրով: Իսկ այցելուների ու վարձակալների հարմարավետությունն ու անվտանգությունն ապահովելու համար նախատեսված են լինելու ժամանակակից համակարգեր, օդորակում ու տեսահսկում:
Պրոսպեկտ Մոլ՝ հարմարավետ, գրավիչ, տրամադրող, գունեղ ու ժամանցային»:
YerevanNews.am-ի թղթակիցը տեղեկատուից խնդրելով «Պրոսպեկտ Մոլ» առևտրային համալիրից որևէ հեռախոսահամար, սիրով տրամադրեցին «Փակ շուկայի» հեռախոսահամարներից մեկն, ասելով, որ նույն հեռախոսահամարն է գործում:
Զանգահարելով տվյալ հեռախոսահամարով, մեր թղթակիցը սկզբում զրուցեց մենեջերի հետ, ով հայտնեց, որ «Պրոսպեկտ Մոլ»-ը դա նույն «Փակ շուկան» է, բայց երբ մեր թղթակիցը հետաքրքրվեց, թե արդյո՞ք «Պրոսպեկտ Մոլ»-ը որևէ առանձին առևտրային համալիր է լինելու, թե պարզապես անվանափոխություն է լինլեու՝ «Փակ շուկան» վերածվի «Պրոսպեկտ Մոլ»-ի, մենեջերը հեռախոսը փոխանցեց շուկայի փոխտնօրենին, ով շտապեց միանգամից հերքել, որ «Պրոսպեկտ Մոլ» անվանումն իրեն անծանոթ է և առաջին անգամ մեզանից է լսում:
«Ես առաջին անգամ ձեզանից եմ լսում, երևի էդ ֆեյսբուքում մեկը պարապ է մնացել, մենք դրա հետ կապ չունենք»,-ասաց փոխտնօրենը:
Նշենք, որ «Փակ շուկայի» սեփականատեր է հանդիսանում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: