Վերջերս մամուլում հաճախ են լուրեր տարածվում, որ «Սթար»-ի սեփականատեր Գևորգ Աֆանդյանը կուտակած պարտքերի պատճառով վաճառում է «Սթար» սուպերմարկետների ցանցը:
Պարզվում է, որ ընկերությունը գտնվում է ճգնաժամային փուլում: Գառնիի «Սուրիկի լավաշ» ընկերությունը դեռևս 2011թ նոյեմբեր ամսից չի կարողանում «Սթար» սուպերմարկետների ցանցից իր գումարը ստանալ:
Ընկերությունը պարբերաբար լավաշ է մատակարարել «Սթար» սուպերմարկետների ցանցին, բայց վերջիններս գումարն ամեն անգամ վճարել են ոչ ամբողջական: Իսկ վերջին 3 ամիսներին ընդհանրապես չեն կարողացել գումար վճարել: Այս մասին Yerevannews.am-ի հետ զրույցում հայտնեց «Սուրիկ լավաշ» ընկերության փոխտնօրեն Եվգենիա Մելքոնյանը:
Վերջինս հայտնեց, որ սուպերմարկետների ցանցի մենեջերներն հրաժարվում են նաև հեռախոսազանգերին պատասխանելուց:
«Վերջին խոսակցության ընթացքում խոստացան, որ յուրաքանչյուր շաբաթ 2 մլն դրամ կվճարեն և մի քանի անգամ մի փոքր գումար վճարեցին, հետո դրանից էլ հրաժարվեցին: Երբ հարցնում ենք, թե ինչ եղավ խոստացված գումարը, մենեջերներն ասում են դիմեք սեփականատիրոջը»,-իր խոսքում նշեց Եվգենիա Մելքոնյանը:
Վերջինս հայտնեց, որ կուտակված պարտքը 22 մլն դրամից ավել է կազմում և այս պահին ոչ մի կերպ չեն կարողանում գտնել սեփականատիրոջը, որպեսզի պահանջեն իրենց գումարները:
«Մենեջերներն արդեն հրաժարվում են մեր գումարները վերադարձնելուց, որովհետև մեզ ասում են, թե իրենք չգիտեն, երբ կվերադարձնեն մեր պարտքը, բայց այս պահին էլ մենք ենք կանգնել խնդրի առաջ, որովհետև չենք կարողանում ալյուր գնել, իսկ աշխատողներն էլ մնացել են անգործ»,-իր խոսքում նշեց «Սուրիկի լավաշ» ընկերության փոխտնօրեն Եվգենիա Մելքոնյանը:
Yerevannews.am-ը փորձեց կապ հաստատել «Սթար» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Գևորգ Աֆանդյանի հետ, սակայն վերջինիս գտնելն այս պահին անհնար է` բոլորիս քաջ հայտնի պատճառներով: