Անորակ ցորենի հետ կապված գյուղնախարարության և ֆերմերների միջև մեկ տարի տևած դատական գործն ավարտվել է հօգուտ ֆերմերների: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այդ գործընթացի նախապատմությունն ու մանրամասները ներկայացրեց Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:
«Հայաստանում 2010 թվականին 1010 տոննա ցորենի սերմացու է ներկրվել, որը բաժանվել է շահառուներին, պայմանով որ նրանք սերմացուն պետք է ցանեին, ապա ըստ պայմանագրի՝ բերքը հավաքելուց հետո պետք է մեկին երկու հարաբերակցությամբ վերադարձնեին գյուղատնտեսության նախարարությանը, որպեսզի հաջորդ տարի այն տրամադրվեր այլ շահառուների ևս։ Սակայն շահառուների մի մասն է միայն նախատեսված չափով վերադարձրել սերմացուն», - նշեց նա, հավելելով, որ այն շահառուները, որոնք չեն կարողացել հետ վերադարձնել սերմացուն, նրանք պետք է նույն հարաբերակցությամբ գումարը վերադարձնեն, որպեսզի նախարարությունը կարողանար իր ծրագիրը շարունակել, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մի շարք ֆերմերներ չեն կարողացել հետ վերադարձնել սերմացուն:
Նա տեղեկացրեց, որ այն շահառուները, ովքեր չեն վճարել , գյուղնախարարությունը նրանց նկատմամբ դատական հայց է ներկայացրել:
«Օրեր առաջ պարզվել է, որ Արարատի մարզի շահառուներից մեկը շահել է դատը», - նշեց փոխնախարարը և հայտարարեց, թե Գյուղատնտեսության նախարարությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու դատարան:
Նորակերտ համայնքի բնակիչ Ռաֆիկ Պողոսյանը, ով նույնպես մասնակցում էր ասուլիսին, ասաց, թե սերմացուն ցանել են, սակայն բերքահավաքի ժամանակ սպասված բերքը չեն կարողացել հավաքել:
Արարատի մարզի բնակիչ Մեսրոպ Հայրապետյանն էլ ասաց, թե փոխնախարարը ստում է՝ իրենք իրենց նախաձեռնությամբ չեն իջեցրել սերմացուի վճարվելիք գումարը, այլ գյուղացիները դիմել են մարդու իրավունքների պաշտպանին, ինչից հետո միայն գյուղատնտեսության նախարարությունն ընդառաջ է գնացել:
Գյուղացիներն ասացին, որ բոլոր այն ֆերմերներով, ովքեր խաբվել են գյուղատնտեսության նախարարության կողմից, հավաքվելու են և բողոքի ակցիա են անցկացնելու Կառավարության դիմաց: