ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոսքերով որևէ միասնականություն ոչ իշխանական խորհրդարանական ուժերի միջև չկա: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ րույցի ընթացքում այս մասին նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի միասնության մասին:
«Տարաձայնությունները հարթվում են, թե ոչ, դա արդեն իրենց խնդիրն է, մեր տեսակետը շատ հստակ է` կառավարությունը չափից ավելի պատասխանատու պետական մարմին է, որպեսզի քաղաքական շահարկումների կամ նեղ կուսակցական հաշվարկների բավարարման հիման վրա քայլեր ձեռնարկի ու հիմք տրվի ինչ-որ ոչ քաղաքական ոչ տնտեսական հիմքեր չունեցող գործընթացին», - նշեց նա:
Աշոտյանի համար հասկանալի չէ, թե ինչ շահեր են հետապնդում այս չորս ուժերը: «Ակնհայտ է, որ եթե անգամ Տիգրան Սարգսյանի կառավարությունը հրաժարական տա, ապա հաջորդ կառավարությունը նույնպես ձևավորելու է ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը»,-նկատեց նա:
Այս նախաձեռնության նպատակների մասին Աշոտյանը ևս մեկ տարբերակ առաջ քաշեց.
«Կարո՞ղ է մեջները կան քաղաքական ուժեր, որոնք ուզում են վերադառնալ կոալիցիա, բայց Տիգրան Սարգսյանի անհատական կերպարն է իրենց խոչընդոտում», - հավելեց նա: