Երեկ ՀՔԾ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Սակայն, այնուհետև դատապարտյալը դիմում է հասցեագրել ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով իր կողմից նախկինում գրված դիմումին ընթացք չտալ` պատճառաբանելով, որ այն գրել է հոգեկան անկայուն վիճակում:

Դրանից հետո դատապարտյալը ցուցմունք է տվել այն մասին, որ իր կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումը իրականում գրել է ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ աշխատակիցների եւ իրեն անծանոթ դիմակավորված մի խումբ անձանց սպառնալիքների ու իր նկատմամբ գործադրված բռնությունների արդյունքում` նրանց թելադրանքով:

YerevanNews.am-ին այս քրեական գործի հետ կապված որոշ մանրամասներ է հայտնի դարձել:

Դատապարտյալը, ում հաղորդման հիման վրա ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ, «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալ Արթուր Սմբատյանն է, ով մայրը պարբերաբար մեզ է փոխանցում որդու մասին տեղեկություններ:

Այսօր էլ խմբագրություն էր ահազանգել դատապարտյալ Արթուր Սմբատյանը և մեզ հայտնեց, թե որն է եղել դատախազին ուղղված իր խնդրանքում դիմումին ընթացք չտալու պատճառը:

Բանն այն է, որ երբ ՔԿՀ-ի աշխատակիցները բռնություններ կիրառելով, սպառնալով ստիպել են դատապարտյալին դիմում գրի գլխավոր դատախազին, խնդրելով ընթացք չտալ իր ցուցմունքներին:

«Ինձ ստիպում էին, որ ձեռքս մտցնեմ կոֆե վարկայի մեջ, ասում էին թող հոսանքը խփի, կասենք ինքնասպանություն է գործել, մեկ ա ոչ առաջինն ա, ոչ էլ վերջինը: Սպառնում էին, որ ընտանիքիս անդամներին վնաս կտան: Ամեն քայլի դիմում էին, որ ես հետ վերցնեմ ցուցմունքներս, ես էլ չդիմացա ու ստիպված գրեցի : Ինձ ասում էին, որ վարչությունից ինչ ասում են, ես էդ եմ անում»,-իր խոսքում ասաց Արթուր Սմբատյանը:
Վերջինս մի քանի օր առաջ ինքնավնասման փորձ է կատարել, քանի որ ՔԿՀ-ում իր նկատմամբ մի շարք անօրինական գործողություններ են կատարում:

«Ես ունեմ բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում հոգեկան խնդիրներ: Տվյալ ՔԿՀ-ում չկան համապատասխան մասնագետներ, որպեսզի մշտական հսկողության տակ լինեմ: Խնդրում եմ, որ ինձ տեղափոխեն այլ ՔԿՀ, որտեղ կան մասնագետներ, նրանք ոչ մի քայլ չեն անում: Ես էլ ինքս ինձ ինքնավնասեցի: Երկաթներ եմ կուլ տվել և հիմա օրգանիզմիս մեջ են, մշտապես ես ինձ վատ եմ զգում, բայց դե շարունակում են ըստեղ պահել»,-ասաց Արթուր Սմբատյանը:

Դատապարտյալը հայտնեց, որ իր մոտ երեկ բժշկական հանձնաժողով է այցելել և հայտնել, որ բուժման կարիք ունի, բայց դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու մասին ոչինչ իրեն չեն ասել, հերթական անգամ ասելով, որ դա իրենց գործառույթների մեջ չի մտնում: