Հայաստանի Ագրարային համալսարանի մի շարք ուսանողներ հայտարարություն են տարածել, որում ասվում է.

«Փետրվարի 12-ին, մի շարք անձինք խոչընդոտեցին ՀԱԿ ակտիվիստների կողմից թռուցիկների բաժանումը, ինչը Սահմանադրությամբ վերջիններիս տրված իրավունքն է: Ցավալիորեն այդ «մի շարք անձանց» շարքում էին ՀԱԱՀ-ի ուսխորհրդի եւ դասախոսական անձնակազմի մի շարք ներկայացուցիչներ:

Ուսխորհրդի, որը վեր է ածվել ՀՀԿ-ի տարածքային կառույցի, ուսխորհրդի, որը Երիտասարդական հիմնադրամների միջոցով տրամադրելով «կրթաթոշակներ», ուսանողներին է մատուցում Հանրապետական կուսակցության կուսակցական տոմսերը, հետագայում էլ՝ վերջիններիս օգտագործում ՀՀԿ-ի շահերը սպասարկելու համար:

Հաճախ է խոսվում բուհերի ապաքաղաքականացված լինելու անհրաժեշտության մասին: Սակայն բուհը ոչ թե պետք է լինի ապաքաղաքականացված, այլ ապակուսակցականացված:

Ելնելով այս ամենից մենք, ՀԱԱՀ-ի որոշ ուսանողներ, գտնում ենք, որ բուհը պետք է մասնակից դառնա քաղաքականությանը եւ լինի ապակուսակցականացված: Հետեւաբար անհրաժեշտություն է առաջանում ուսխորհուրդները եւ կրթական համակարգը առհասարակ մաքրել նմանատիպ թափթփուկներից: Նման անձինք չեն կարող ներկայացնել ՀԱԱՀ-ն: ՀԱԱՀ-ն «հայկուլիկները» չեն, ՀԱԱՀ-ն այստեղ ուսանող եւ դասավանդող բազմաթիվ արժանապատիվ ՀՀ քաղաքացիներն են:

Հետեւաբար մենք հայտարարում ենք, որ այսուհետ մարդու հիմնարար իրավունքներից եւ ազատություններից բխող այն բոլոր ակցիաները, գործընթացները, որոնք կխոչընդոտվեն փուչիկ կարենների, հայկուլիկներ, սաքուլիկների եւ նմանատիպ այլ ուլիկների կողմից, թափանցելու են համալսարաններ»: