«Ժամանակ» թերթը գրում է. «Դաշնակցություն կուսակցության ներսում բավականին անհանգիստ են ներքաղաքական զարգացումների եւ հատկապես այդ զարգացումներին իրենց մասնակցության խնդիրների առումով: ՀՅԴ-ն վերջին ամիսներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասին ակտիվ քննադատության է ենթարկում իշխանություններին ու հատկապես կառավարությանը: Կուսակցությունն այդ գործընթացում կարծես ոչ թե անկախ է, այլ սպասարկում է ԲՀԿ-ի ծրագրերն ու շահերը: Խնդիրն այն է, որ մեծ գործընթացների համար մարդկային եւ ֆինանսական ռեսուրսներ են անհրաժեշտ, ինչը, հասկանալի է, ՀՅԴ-ն չունի այնչափ, որքան ունի եւ օգտագործում է իրեն ընդդիմությունից ետ պահող եւ այլընտրանք համարող ԲՀԿ-ն: Իհարկե, այդ շահերը երբեմն համընկնում են:

«Ժամանակի» տեղեկություններով՝ այդ կուսակցությունում մտահոգություն կա, որ քաղաքական զարգացումների շրջանակում իրենք շարունակելու են մնալ ԲՀԿ-ի ստվերում: Այդ մտահոգությունը հատկապես սրվել էր մոտ մեկ ամիս առաջ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեռակա բանավեճի ժամանակ: ԲՀԿ-ն լինելով Ռ. Քոչարյանի հենարանը՝ ակնհայտորեն պաշտպանում էր երկրորդ նախագահին, եւ այդ կուսակցությունն այդ օրերին ավելի սրեց վարչապետին ուղղված քննադատությունները: ՀՅԴ-ն էլ այդ գործընթացում փորձում էր ԲՀԿ-ից ետ չմնալ՝ զուգահեռաբար մտահոգություն ունենալով, թե հաջողության հասնելու դեպքում իրենք կրկին կմնան ԲՀԿ-ի ստվերում:

Հայտնի է, որ քաղաքական դաշտում այդ երկու կուսակցությունները համարվում են Ռ. Քոչարյանին սատարող ուժեր: Այս պարագայում ՀՅԴ-ի մոտ ինչ-որ տեղ խանդի զգացողություն է առաջանում, թե նախկին նախագահի համար իրենցից որն է լինելու ֆավորիտը:
ՀՅԴ-ում մտահոգված են նաեւ, որ ինչպես Ռ. Քոչարյանի առաջին նախագահության շրջանում իրենք Հանրապետական կուսակցության ստվերում էին, այնպես էլ հետագա պայքարում կլինեն ԲՀԿ-ի ստվերում: Որոշ տեղեկությունների համաձայն՝ այս կուսակցությունում երբեմն քննարկում են, թե որն է իրենց համար ավելի ձեռնտու՝ լինել այս իշխանությունների հետ ու դառնալ ՀՀԿ-ի կցո՞րդը, թե՞ իրենց պայքարով աջակցել ԲՀԿ-ին ու լինել այդ կուսակցության կցորդը: Հենց այս պատճառով էլ այդ կուսակցության առաջնորդները երբեմն հանգրվանում են նախագահականում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում