Այսօր Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Կբաժանվեն տոնի մասին պատմող գունազարդ բացիկներ:
Ամենայն Հայոց Գարեգին II Հայրապետի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի կբերվեն Ս. Սարգիս Զորավարի մասունքները: Մատենադարանից առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի երկրպագության կբերվի նաև 1693թ. Ս. Սարգսում Ավետիս երեց ի կողմից գրված Ավետարանը: Ժամը 10.30-ից Ս. Պատարագի ընթացքում ժողովուրդը կկարողանա հաղորդ լինել սրբի մասունքներին և հայցել սրբի բարեխոսությունը:
Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն նշվում է փետրվարի 15-ին: Ս. Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:
Տոնի առիթով օրվա ընթացքում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ`
Ցուցահանդես Գեղագիտության ազգային կենտրոնում
Ժամը 13.00-ին Արարատյան Հայրապետական թեմը և Գեղագիտության Ազգային կենտրոնը երիտասարդների բարեխոս Ս. Սարգսի տոնին կազմակերպում են պատանեկան տոնական ցուցահանդես:
Ցուցահանդես Նկարիչների միության տանը
Ժամը 13.40-ին Նկարիչների միության տանը կբացվի պրոֆեսիոնալ երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես:
Ժամը 14.30-ին, խաչապտույտ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Սիրահարների այգի՝ հոգևորականների, խաչի, խաչվառի, ձիավորի, թմբկահարների ուղեկցությամբ, այնուհետև՝ «Ռեինկարնացիա» խմբի բացօթյա համերգ «Պողոսյան պարտեզներում»:
Բոլոր տոնակատարությունների մուտքն ազատ է:
Ս. Սարգսի տոնախմբությունն իրականանում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Այսօր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ բարձրաշնորհ Տեր Նավասարդ արքեպիոսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի Առաջնորդանիստ, Նոր Նորքի և Արգավանդի Ս. Սարգսի անունը կրող եկեղեցիները բաց կլինեն մինչև ժ. 22.00-ն:


