ԿԱՄՔ քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը Նաիրիտ Գործարան ֆեյսբուքյան էջում գրել է.
Պարոն Սերժ Սարգսյան,
Ես ուզում եմ անդրադառնալ 2014 թ. փետրվարի 15-ին ձեր ասված խոսքերին.
«Եթե որոշ սադրիչներ մոլորության մեջ չգցեն «Նաիրիտի» աշխատողներին, ապա մենք, անկախ որևէ հանգամանքից, այս տարի, ամենայն հավանակությամբ, սկսելու ենք նոր «Նաիրիտի» կառուցումը, գոնե նախագծահաշվարկային աշխատանքները, նախնական պայմանագրերը կան, և հնարավորության դեպքում հին «Նաիրիտի» գործարկում: Սա ևս շատ մեծ հնարավորություն է ընձեռում մեզ»:
Եթե «ԿԱՄՔ» քաղաքացիական շարժման կողմից կազմակերպված ինքնաբուխ ցույցը ձեր լրատվամիջոցների և կառավարության աշխատակազմի հետ միասին փորձում եք ներկայացնել հանրությանը սադրանք, ապա ինչպե՞ս կարող եք բացատրել 15 ամսվա կուտակված աշխատակիցների աշխատվարձները:
Ինչպե՞ս կարող եք ներկայացնել այն հանգամանքը, որ 2010 թվականից աշխատակիցները որևիցե պաշտոնական տեղեկատվություն չեն ստացել ձեր կողմից այդ խնդրում և ստիպված են պահանջատեր լինել իրենց աշխատանքի համար:
Ինչպե՞ս կարող եք ներկայացնել այն հանգամանքը, որ աշխատակիցների նկատմամբ իրականացվում է աշխատանքային օրենսգրքի խախտումներ` 198 հոդվածի 1 մասով:
Ինչպե՞ս կարող եք ներկայացնել հանրությանը «Շանսի-Նաիրիտ»-ի խնդիրը, որը աշխատում է սկսած 2010 թ.-ից. և ըստ Իոսիֆ Իսայանի տվյալների՝ այն 2013 թ.-ին 40 միլիոն դոլարի արտադրանք է ստացել, իսկ հորինված «Նաիրիտ» 2-ը նույնպես պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություն է, որը ստանում է հայկական կողմի 40 տոկոս մասնաբաժինը, որը կազմում է 16 000 000 մլն ԱՄՆ դոլար, և այդ գումարները հերիք էին, որպեսզի վճարվեր աշխատակիցների ուշացված աշխատավարձները:
Իսկ եթե այս ցույցը դուք համարում եք սադրանք, ապա ես համարում եմ օգնություն մեր քաղաքացիներին, ում անորոշության մեջ եք գցել այսքան ժամանակ:
Հարցերս շատ են, օրինակ՝ ինչպե՞ս եք հաջողացրել մեր պետությունը արդեն 4.5 մլրդ դոլլարի պարտքի տակ գցել, կամ ո՞ւր կորավ 2009 թվականին Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված 500 մլն. դոլլարը:
Ինչո՞ւ եք մեր երկիրը գրավի տակ դնում` թողարկելով 2013 թ. 700 մլն. դոլարի եվրապարտատոմսեր:
Իսկ եթե կարծում եք, որ հետագայում կարող եք պարծենալ, որ գործարան եք կառուցել, ինչպես դուք նշեցիք՝ «հնարավորության դեպքում», ապա այդ հնարավորությունը միայն կախված է «Ռոսնեֆտ» և «Pirelli» ընկերության ցանկությունից:
Անկախ ամեն ինչից՝ եթե դուք խոսում եք այս խնդրից, նշանակում է՝ այս ցույցն ունեցավ իր արդյունավետությունը, ինչի մասին կարող էիք խոսել դեռ վաղուց: