Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարում քաղաքական այդ ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանի ելույթի շեշտադրումները, ըստ տարբեր գնահատականների, ոչնչով չէին տարբերվում ընդդիմադիր առաջնորդների ելույթներից, չնայած այդ ուժը համառորեն չի հրաժարվում «այլընտրանքի» իր կոչումից, բայց իր խաղը տանում է ընդդիմադիրի դիրքերից:

Ծառուկյանը, ինչպես միշտ, ընդհանուր ձեւակերպումներով բավական սուր քննադատության ենթարկեց երկրում առկա բազմաթիվ երեւույթներ ու տվեց լուծման բանալին, որը ԲՀԿ-ին իշխանության մեջ մասնաբաժին հատկացնելն է: Սակայն Ծառուկյանը համաձայն չէ այն մասնաբաժնին, որը Սերժ Սարգսյանը նրան առաջարկում էր 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, եւ գրեթե ուղիղ տեքստով հայտարարում է այդ մասին: 

Գագիկ Ծառուկյանը պատրա՞ստ է դեմ դուրս գալ նախագահ Սերժ Սարգսյանին, թե՞ իր ընդդիմադիր հռետորաբանությունը բավականացնում է միայն կառավարությանը քննադատության ենթարկելու համար՝ անգամ չհնչեցնելով վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը: Նրա ելույթում այս հարցի պատասխանը կարծես նույնպես կա. նա այդպես էլ չի տալիս Սերժ Սարգսյանի անունը եւ քննադատության հիմնական թիրախ է դարձնում կառավարությունն ու նրա գործունեությունը: Շատերը սա դիտարկեցին իբրեւ Ծառուկյանի կողմից վարչապետական հայտ, իսկ ՀՀԿ-ականները բառի բուն իմաստով սկսեցին ծաղրել Ծառուկյանի ընդդիմադիր դրսեւորումները: 

Նշենք, որ ոչ իշխանական ուժերը վարչապետին եւ կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել եւ այժմ նախագիծն են քննարկում, որում, ըստ ամենայնի, դուրս չի մնացել վարչապետի հավանական թեկնածուի մասին կետը: Կարո՞ղ է Ծառուկյանը դառնալ ոչ իշխանականների համատեղ վարչապետացուն: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հարցը լսելուց հետո հայտարարեց, որ շատ զբաղված է, իսկ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Դեռեւս նման որոշում չկա, երբ լինի, այն ժամանակ կհայտնեմ, բայց եթե «եթե»-ներով ենք առաջնորդվում, ու եթե եկել է այդ իրավիճակը, ապա պետք է քննարկվի»: Այսինքն՝ «Ժառանգությունը» կատեգորիկ դեմ չէ՞: «Ես կատեգորիկ դեմ չեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դառնա այդ թեկնածուն»,- պատասխանեց՝ հավելելով, որ «անձերի խնդիր չկա, երկրի վիճակը կարգավորելու խնդիր կա, եւ բոլոր նմանատիպ հարցերը պետք է քննարկել»: ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը Ծառուկյանի ելույթում վարչապետական հավակնություններ չի տեսնում. «Քննադատություն, այո, կար, հիմնախնդիրների վերհանում կար, վճռականություն կար, բայց հավակնություն, որ վարչապետ է ցանկանում դառնալ, ես չեմ նկատել: ՀԱԿ-ն էլ է քննադատում կառավարությանը, բայց դա չի նշանակում, որ ՀԱԿ-ն ուզում է կառավարության պատասխանատվությունը»: Տիկին Թադեւոսյանը, այդուհանդերձ, հավելում է. «Եթե ոչ իշխանական ուժերը նման հարց քննարկեն եւ որոշում կայացնեն, ես կողմ եմ ցանկացած որոշման»:

ՀԳ. Հավանաբար, Ծառուկյանի ելույթը խառնել է ոչ իշխանական խորհրդարանականների խաղաքարտերը, եւ նրանք դեռ ծանրութեթեւ են անում ինչպես արձագանքել: Երեկ նրանց մեծ մասը կամ չէր պատասխանում մեր զանգերին, կամ խոստանում էր օրեր անց պատասխանել:

Շարունակությունը կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթում