«Ժամանակ» թերթը գրում է. «Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդել։
Ոստիկանության Երեւանի քննչական վարչության պետ Ա. Այվազյանը հայտնել էր, որ ուսումնասիրվել է դեպքի վայրի հարակից տարածքը, ինչի արդյունքում հայտնաբերվել են բազամթիվ տեսահսկող սարքեր, որոնց տեսագրություններն առգրավվել են:
Ըստ դրանց, որոնք ի դեպ հրապարակվել են համացանցում, հունվարի 26-ին, ժամը 21:20-ի սահմաններում Արթուր Սաֆարյանն ընկերոջ մեքենայով մոտնեցել է իր օֆիսին, որը գտնվում է Երվանդ Քոչարի փողոցում: Իսրայելն ու Մովսեսն արդեն հետեւում էին զոհին: Ենթադրելով, որ Արթուրը շուտով օֆիսից տուն կգնա, նրանք Մովսեսի «Mercedes»-ով գնում են դիրքավորվելու:
Անցնում են Ալեք Մանուկյան փողոցով, Սայաթ-Նովայի պողոտայով, մտնում Սարյան, ապա Արամի փողոցներ, Մաշտոցի պողոտա ու թեքվում Բուզանդի փողոց, որտեղ էլ մեքենան կանգ է առնում: Իսրայելը մնում է մեքենայում, իսկ Մովսեսը դուրս է գալիս ու ոտքով գնում Արամի նրբանցքի 5ա շենքի բակ ու դարանակալում: Ենթադրածի պես չի լինում, Աթուրը ուշանում է եւ միայն կեսգիշերից 5 րոպե անց իր մեքենայով մտնում բակ: Հնչում են կրակոցներ, ու Մովսեսը հեռանում է դեպքի վայրից:
Իսրայելը սպասում էր, Մովսեսը նստում է ղեկի մոտ, ու մեքենան շարժվում է: Մաշտոցի պողոտայում մեքենան կանգ է առնում, Իսրայելն իջնում է, իսկ Մովսեսը՝ մեքենայով հեռանում: Իսրայելը հատում է պողոտան, ու քայլում Օպերայի ուղղությամբ: Այդ ընթացքում ինչ-որ բան է գցում աղբարկղը: Հետո աղբարկղից պիտի հայտնաբերվեր մասնատված բջջային հեռախոս: Ապա Տերյան փողոցով բարձրանում է ու մտնում սրճարան:
Այս ընթացքում Արթուր Սաֆարյանին տեղափոխում են հիվանդանոց. նրա կյանքն այլեւս փրկել հնարավոր չէր: Ժամը 12:50-ին սրճարանին է մոտենում մեկ այլ մեքենա, որով էլ Իսրայել Սարգսյանը մեկնում է հիվանդանոց՝ մեռնողի հարազատներին ցավակցելու»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում