«Հրապարակը» գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Արարատի մարզ, մասնակցել մարզխորհրդի նիստին, ելույթ ունեցել հանրապետության գյուղատնտեսության զարգացման հեռանկարների, դրանցից բխող Արարատի մարզի գյուղացիական տնտեսությունների խնդիրների և ծրագրերի մասին, «բարձր գնահատելով նախորդ տարվա ձեռք բերված արդյունքները՝ մեդալներով ու շնորհակալագրերով է պարգևատրել մարզի գյուղատնտեսության առաջավոր մի շարք մասնագետների», որոնց թվում՝ Լուսառատ և Վերին Արտաշատ գյուղերի գյուղապետերին։

Վերջինները, մեր տեղեկություններով, նախարարի հեռանալուց հետո մարզի այլհամայնքապետերին հրավիրել են Արտաշատի ռեստորաններից մեկը՝ նշելու։

Սակայն զավեշտն այն է, որ ուտուշ-խմուշի ընթացքում գյուղապետերը հայտարարել են, որ գյուղնախարարի կենացը չեն խմելու՝ «մարզը ձեռից գնում է, ոռոգման ջրի, պարարտանյութի և այլ խնդիրները պատուհաս են դարձել գյուղացու համար, իսկ նախարարը մեդալներ է շնորհում ձեռք բերված արդյունքների համար»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։