Ինչպես հայտնի է, 2013 թվականի հունիսի 6-ից 17-ը ՌԴ Կազան քաղաքում կանցկացվի 27-րդ ամառային Ունիվերսիադան, որին կմասնակցեն աշխարհի ուժեղագույն ուսանող մարզիկները: Եվ եթե, 1959 թ. Իտալիայի Թուրինում անցկացված առաջին Ունիվերսիադայում ներառված էր ընդամենը 7 մարզաձև, ապա այս տարի դրանց թիվը հասել է 27-ի:
Ուրախալի է, որ լրացուցիչ մարզաձևերի շարքում, ընդ որում՝առաջին անգամ, տեղ է գտել նաև սամբոն, որի հեղինակությունը, ողջ աշխարհում, տարեց տարի ավելանում է: Գնալով մեծանում է թե՛ սամբո մարզաձևով պարապող սաների քանակը, թե՛ ազգային ֆեդերացիաներ բացող երկրների աշխարհագրությունը: Եվ, հավանաբար, հեռու չէ այն օրը, երբ սամբոն կընդգրկվի նաև Օլիմպական խաղերի մարզացանկում:
Այն, որ Հայաստանում սամբո մարզաձևը լայն տարածում ունի, որ հայ սամբիստները մշտապես փայլել են աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, անհերքելի փաստ է: Իրողություն է նաև, որ հայ ուսանող սամբիստները մասնակցելու են Ունիվերսիադա-2013-ին, ինչին Հայաստանի սամբոյի ֆեդերացիան առանձին կանդրադառնա:
Այսօր կներկայացնենք մի քանի փաստ, որոնք խոսում են սամբոյի հանրահռչակման մասին նաև այնպիսի երկրներում, որոնք ավանդաբար տեղ են տվել իրենց ազգային մարտարվեստին: Խոսքն, առաջին հերթին Ճապոնիայի մասին է, որը, լինելով ձյուդոյի հայրենիքն ու ձյուդոյի շահերի թիվ մեկ պաշտպանը, գիտակցելով սամբոյի հեռանկարները, լայն թափով սկսել է աշխատանքներ ծավալել ճապոնական սամբոյի դպրոցի կայացման ու զարգացման համար:
Դրա ապացույցն է նաև, 2013-ի փետրվարին Սայտամա քաղաքում անցկացված, Սամբոյի Ճապոնիայի ուսանողական առաջնությունը, որը կրել է «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գավաթ» անունը: Թե ինչու՞ Պուտինի, պարզ է. ՌԴ նախագահը, լինելով նախկին սամբիստ, համարվում է մարզաձևի հանրահռչակման և Օլիմպիական խաղերում ընդգրկելու թիվ մեկ ջատագովը:
Ստորև ներկայացնում ենք Ճապոնիայի առաջնության մասին, ձյուդոյի համաշխարհային լեգենդներից՝ Յասուհիրո Յամասիտայի կարծիքը. «Ձյուդոն, որով ես պարապել եմ և հիմա էլ զբաղվում եմ աշխարհում դրա զարգացմամբ, շատ մոտ է սամբոյին՝ ինչպես հնարքների տեխնիկայով, այնպես էլ՝ ոգով: Դրա համար էլ վստահ եմ, որ Ճապոնիայում՝ սամբոյի զարգազմամբ, կշահեն և ձյուդոիստները, և սամբիստները»:
Առաջնության մասին իր տեսակետն է հայտնել նաև ձյուդոյի մեկ այլ գերաստղ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն Կոսեյ Ինոեն. «Գիտեք, սամբոն ինձ դուր է գալիս: Շատ ուրախ եմ, որ սամբոն զարգանում է նաև իմ հայրենիքում, հուսով եմ, որ դա, առհասարակ՝ սպորտի զարգացման համար, կդառնա լրացուցիչ խթան»:
Հավելենք, որ Ճապոնիայի ուսանողական առաջնությանը մասնակցել է 150 մարզիկ, որոնցից միայն լավագույն յոթը կմասնակցեն Կազանի Ունիվերսիադայի սամբոյի մրցումներին և բացառված չէ, որ մրցագորգում հանդիպեն նաև հայ ուսանող սամբիստներին: