Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆինանսների նախարարությունը և պետական եկամուտների կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել, որում վկայակոչված է «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի կոնկրետ հոդվածը, համաձայն որի գործատուները, որպես հարկային գործակալ, կրում են կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականություն:

«Այդ հոդվածը սահմանում է գործատուների պարտավորությունը հաշվարկել և վճարել իրենց աշխատակիցների պարտադիր կուտակային վճարները: Այսօրվա դրությամբ՝ գործատուների ճնշող մեծամասնությունը, գրեթե 99 տոկոսը, արդեն հաշվարկել է գումարները և արդեն պահումներ կատարել իրենց աշխատակիցներից»,-այսպես մեկնաբանեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Ֆինանսների նախարարության պարզաբանումը ճնշում չէ ՍԴ որոշման վրա:

Նախարարը հայտնեց, որ հակառակ պարագայում հետեւյալ հարցն է ծագելու, եթե իրենք պահել են իրենց աշխատակիցների գումարները և չեն վճարել այդ հաշվին, ապա դա ինչ է նշանակում:

«Դա նշանակում է, որ գործատուն պահել է աշխատակցից գումար, և, կոպիտ ասած, այդ գումարներից տոկոս է աշխատել: Այն դեպքում, որ եթե փոխանցած լիներ, այդ նույն եկամուտներն ու տոկոսները կստանային արդեն աշխատակիցները: Այս առումով, գործատուները կարող են ենթարկվել կրկնակի պատասխանատվության՝ աշխատողի ու պետության կողմից»,-իր խոսքում ասել է նախարարը: