Փետրվարի 17-ին` ժամը 12:30-ին, ոստիկանները բերման են ենթարկել Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ 21-ամյա Հովսեփ Սիմոնյանին, որը նույն թաղամասում վիճաբանել է մի քաղաքացու հետ և նրան մարմնական վնասվածքներ պատճառել:
«Հա գնում գալիս էր` հայհոյանքով էր հետս խոսում: Ես իրան քանի անգամ զգուշացրեցի` արա, հետս հանգիստ խոսա: Էդ օրն էլ հետս նույն ձևի խոսաց, ներվերս էլ չհերիքեց` դանակով մի հատ խփեցի»,- ոստիկաններին ասել է Հովսեփ Սիմոնյանը:
Հովսեփ Սիմոնյանի հետ կատարվածը ժամանակակից փողոցային արատավոր վարք ու բարքի վառ օրինակ է: Վատն այն է, որ այսպիսի միջադեպերը միշտ չէ, որ մարմնական վնասվածքներով են ավարտվում ու հաճախ մահացու է լինում այդ մեկ բառը:
Ով է այս պարագայում մեղավոր: Ուր են նայել ծնողները, որտեղ են ժամանակին նայել այս տղայի դաստիարակներն ու ուսուցիչները,առհասարակ, նրա դաստիարակության համար պատասխանատուները, որոնց բացթողումների կամ սխալների հետևանքով` անկառավարելի զայրույթից դիմի այսպիսի ծայրահեղ քայլի:
Այսպիսի արատավոր երևույթները պետք է սուր քննադատության արժանանան, դատապարտվեն, քանի որ Հովսեփ Սիմոնյանի պես մտածող անձինք, ովքեր փողոցային գաղափարների համար պատրաստ են իրենց հարազատներին ստիպել թաց աչքերով մնալ, բավականին շատ են և վտանգ են ներկայացնում հասարակության համար:
Սա է եղել հիմնական պատճառը, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կոչ է արել փողոցային վարք ու բարքի դեմ պայքարել ամեն գնով, քանի որ փողոցի այս քաղաքացին էլ է մտնում բանակ:
Դավիթ Սոֆիյան