«Ժամանակ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն իր շաբաթօրյա համագումարում Կառավարությանն ուղղված բազմաթիվ քննադատությունների մեջ անդրադարձավ նաեւ փոքր ու միջին բիզնեսին: Նրա խոսքով՝ փոքր բիզնեսը պետք է ազատվի «անիմաստ հարկերից ու իշխանության հետ գործ ունենալուց»: «Անհատական փոքր բիզնեսի համար պետք է ստեղծվեն միանգամայն այլ բարենպաստ պայմաններ: Միջին բիզնեսը պետք է ունենա աշխատելու եւ զարգանալու հնարավորություն: Նրանց զարգացումը, նոր աշխատատեղերի բացումը շատ ավելի կարեւոր է, քան այն գումարները, որ մարդկանց քերթելով մուծում են բյուջե»,- հայտարարել էր նա:
Եվ այս հայտարարությունը լսելիս տպավորություն է ստեղծվում, թե Գ.Ծառուկյանն իսկապես մտահոգված է փոքր ու միջին բիզնեսի զարգացման խնդիրներով: Հատկապես երբ նա իր ելույթի սկզբում խոստանում է լինել «առավելագույնս անկեղծ»: Բայց նրա այս հայտարարությունն ընդհանրապես քննության չի դիմանում, քանի որ իր գործունեության ընթացքում փոքր ու միջին բիզնեսի ոլորտի հարյուրավոր օբյեկտներ են փակվել, որպեսզի ինքը գերիշխող լինի ու գերշահույթ ստանա: Եվ դա հիշելու համար պետք չէ հեռու գնալ: Ընդամենը 2 ամիս առաջ Գ.Ծառուկյանի գործունեության արդյունքում փոքր ու միջին բիզնեսի մոտ 100 օբյեկտ փակվեց, որոնց սեփականատերերն ու աշխատողները մնացին գործազուրկ եւ դատարկաձեռն, ու նրանց ներդրումները մի հարվածով փոշիացան»:
Հիշեցնենք, որ անցած տարեվերջին Ազգային ժողովը «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարեց, որի համաձայն այդ ոլորտում Գ.Ծառուկյանին պատկանող՝ շահումով խաղերի, զվարճալիքների եւ ռեստորանային «Փարավոն» համալիրը, որի մեջ է մտնում նաեւ «Շանգրի լա» խաղատունը, ստացավ մենաշնորհային կարգավիճակ։ Այսքանից հետո հրապարակավ խոսել փոքր ու միջին բիզնեսին աջակցելու մասին՝ մեղմ ասած, անխղճություն է:»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում