Այս քառօրյայում դեռևս կառավարությանն անվստահություն հայտնելու հարց ընդգրկված չի լինի: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, նշելով, որ օրակարգում ընդգրկված են այլ կարևոր հարցեր, ինչպիսիք են «Նաիրիտի», «Մարտի մեկի» և այլ հարցեր:
«Կառավարիությանն անվստահություն չենք հայտնի, կլինեն այլ հարցեր: Ներքին խոհանոցը չեմ ուզում բացել, սակայն խնդիրը նրանում է, որ դեռ քննարկվում են անվստահություն հայտնելու ձևը, այլ հարցեր են քննարկվում և որոշվել է հետաձգել հարցը», - պարզաբանեց Արմեն Ռուստամյանը:
Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք մյուս քառօրյայում նման բան սպասվելու է, նա դրական պատասխան չտվեց, նշելով որ չի բացառվում:
Իսկ այն հարցին, թե հնարավոր է, որ առհասարակ հանվի այդ մտադրությունը նա նշեց, թե ոչինչ չի բացառվում, և ԱԺ ոչ իշխանական ուժերի միասնությունը միայն դրանով չի սահմանափակվում:
«Եթե դա չլինի, միևնույն է, այլ հարցեր կան, որոնց շուրջ մենք միավորվելու ենք: Տարաձայնություններ կան, բոլորն էլ գիտեն»,- նշեց նա:
Իսկ օրինակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի տեսակետին, թե միևնույն է, հաջորդ կառավարությունն էլ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ն են լինելու, նա նշեց, որ դա նշանակում է, որ կառավարության անդամները Սահմանադրություն չգիտեն:
«Եթե անվստահություն հայտնել են, ուրեմն նոր կառավարությունը պետք է փորձի սխալները շտկել», - նշեց նա: