ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը փետրվարի 20-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկու երկրների միջխորհրդարանական կապերի ակտիվացմանն առնչվող հարցեր:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի աշխատակազմից հայտնում են, թե Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ արձանագրեց, որ ՀՀ նախագահի՝ Չեխիա կատարած պետական այցից հետո երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում ակնառու է համագործակցության զարգացման պատրաստակամություն՝ միաժամանակ հույս հայտնելով, որ ստորագրված մի շարք համաձայնագրերով ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն առաջիկայում, եւ ավելի իրատեսական արդյունքներ կարձանագրվեն: Երկկողմ հարաբերությունների ակտիվացման, միջխորհրդարանական կապերի զարգացման տեսանկյունից ԱԺ փոխնախագահը կարեւորեց խորհրդարանական դիվանագիտության դերը, խորհրդարանականների փոխայցելություններն ու համատեղ փոխշահավետ քննարկումները:

Պետր Միկիսկան բարձր գնահատեց ՀՀ նախագահի պետական այցը Պրահա, նրա բարձրացրած հարցերի իրատեսականությունն ու հստակությունը՝ կապված եւ՛ երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտության, եւ՛ տարածաշրջանային խնդիրների լուծման հետ, եւ հավաստիացրեց, որ Չեխիան ընկալումով է մոտենում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին որոշմանը:

Հանդիպման ժամանակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այսօր Արցախի վերածննդի օրն է: Նրա խոսքով՝ այս տարիներին ապացուցվեց, որ անկախ եւ ինքնորոշված Արցախն այլընտրանք չունի: Երկուստեք կարեւորվեց ԼՂ հիմնախնդիրը Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ տարբեր միջոցառումների կազմակերպումը ոչ միայն պատմական ճշմարտության վերհանման ու ճանաչման, այլեւ նմանատիպ ոճրագործությունների կանխարգելման տեսանկյունից:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: