«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ այսօր ԲՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:
ԲՀԿ տարածած հաղորդգրության համաձայն՝ հանդիպման սկզբում փակ դռների ետևում տեղի է ունեցել առանձնազրույց, որից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումը շարունակել արդեն ընդլայնված կազմով:
««Ժառանգություն» խմբակցությունից հանդիպմանը մասնակցել են խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, իսկ ԲՀԿ խորհրդանական խմբակցությունը ներկայացրել են խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Վահե Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը: Դռնփակ հանդիպումը շարունակվել է շուրջ երեք ժամ, որից հետո կողմերը ձեռնպահ են մնացել մանրամասներ հայտնել քննարկված թեմաների շուրջ»,- նշված է ԲՀԿ տարածած հաղորդագրությունում:
«Ժառանգություն»-ԲՀԿ հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել նաև «Ժառանգության» մամուլի ծառայությունը՝ մասնավորապես նշելով, որ քննարկվել են քաղաքական ճգնաժամը հաղթահարելու, այդ թվում արտահերթ լուծումներ առաջադրելու ուղղությամբ:
«Քննարկվեցին փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում առաջացած քաղաքական ճգնաժամի հետ առնչվող խնդիրներ: Րաֆֆի Հովհաննիսյանը վերահաստատեց իր դիրքորոշումն առ այն, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները, համարելով դրանք կեղծված: Գագիկ Ծառուկյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչները նշեցին, որ Հայաստանի քաղաքացիների բացարձակ իրավունքն է պահանջել սեփական իրավունքների, այդ թվում` ընտրական իրավունքի հարգում: Նրանք նաև կիսեցին Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա շտաբի ներկայացուցիչների մտահոգությունները՝ երկրում ստեղծված քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակի անընդունելի լինելու և փոփոխությունների հրամայականի կապակցությամբ: «Բարգավաճ Հայաստանը» ևս գտնում է, որ յուրաքանչյուր քայլի հանդիպող անարդարությունը, իշխանության տարբեր օղակների կողմից քաղաքացու արժանապատվության ոտնահարման՝ սովորական դարձած գործելաոճը, օրավուր մեծացնում են հանրային դժգոհությունը։ Գագիկ Ծառուկյանը վերահաստատեց իրենց դիրքորոշումը, համաձայն որի «Բարգավաճ Հայաստանը» եղել ու մշտապես լինելու է ժողովրդի կողքին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցել ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարելու, այդ թվում արտահերթ լուծումներ առաջադրելու ուղղությամբ», – նշված է «Ժառանգության» հաղորդագրության մեջ:
-