Այսօր Ազատության հրապարակում 17.00-ին մեկնարկեց նախագահի նախկին թեկնածու, «ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած բազմահազարանոց հանրահավաքը: Հանրահավաքին մասնակցում էին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, Արմեն Մարտիրոսյանը, Կարապետ Ռուբինյանը, Արկադի Վարդանյանը, Սարդարապատ շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանն ի տարբերություն իր նախորդ հանրահավաքների այսօր առաջինն ինքը ելույթ ունեցավ:
«Առաջին հերթին ուզում եմ ողջունել Հայաստանին և հայ ժողովրդի մեծամասնությանը, որ կամաց-կամաց գալիս է հրապարակ».- այսպես սկսեց իր ելույթը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը և նշեց, որ այսօր մարտի 2-ին 1992 թվականի Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ :
«Հայաստանը և հայ ժողովուրդը գիտակցում է, որ սա շախմատի խաղ չէ : Սա իրական կյանք է »,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը և հայտարարեց, որ իրենց շարժմանը քննադատողներն ասում են, որ իրենք չունեն ծրագիր.«Ես ունեմ մի ծրագիր, մի ռազմավարություն, մի հատուկ անելիք և դա այն է, որ Հայաստանի հանրապետության ժողովրդի իրավունքը պաշտպանելու ենք: Մեր պահանջն է և իրենք կատարելու են»,-շեշտեց փետրվարի 18—ին կայացած նախագահական ընտրություններին ըստ պաշտոնական տվյալների երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն:
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը Սերժ Սարգսյանին հրավիրում է Ազատության հրապարակ.« Հարգանքով հրավիրում եմ, որ գա հրապարակ և և ճանաչի հայ ժողովրդի հաղթանակը: Պահանջում եմ, որ ինքնաբացարկ տա մինչև ապրիլի 9-ը»,-ասաց նա ու հավելեց, որ իր այս խոսքը ոչ վերջնագիր է, ոչ էլ զգուշացում;
ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին նույնպես Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրեց Ազատության հրապարակ, որ հաշվետվություն տա քաղաքացիներին Հայաստանում տեղի ունեցած աղքատության, գործազրկության, արտագաղթի, մենաշնորհների համար և առանձնացրեց :«Գործող վարչապետ ձեզ նույնպես հրավիրում եմ հրապարակ»:
«Ժառանգություն» կուսակցության ղեկավարը Ազատության հրապարակի հարթակից պահանջեց նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրապարակը.«Ազատություն հրապարակ հրավիրում եմ Տարոն Մարգարյանին: Հրաժարական տվեք և եկեք այստեղ հաշվետվություն տվեք»:
Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքվածներին ասաց, որ մարտի 4-ին կորոշեն արդյոք դիմելու են Սահմանադրական Դատարան, թե ոչ, բայց և նշեց, որ ցանկացած որոշում իրենց պայքարի հիմնական հանգրվանն է լինելու:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ հաջորդ հանրահավաքը լինելու է մարտի 5-ին, ժամը 17-00-ին, իսկ մինչ այդ ժամը 14.00-ին քաղաքացիները կգնան Եռաբլուր Վազգեն Սարգսյանի հիշատակը հարգելու` այդ օրը սպարապետի ծնունդն է:
Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակ է հրավիրում նախագահին, վարչապետին, քաղաքապետին
