«Ժողովուրդը» գրում է. «Որոտանի ՀԷԿ-ը պետական սեփականություն է, ուստի վերջինս պետք է վաճառվեր «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի շրջանակներում։ Իսկ պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շարժական գույքի, նշված օրենքի 3-րդ, 4-րդ և 12-րդ հոդվածների համաձայն, ենթակա է մասնավորեցման միայն մասնավորեցման ծրագրում ընդգրկվելուց և Աժ-ի հավանությունը ստանալուց հետո։
Սակայն կառավարությունը շրջանցել է օրենքով սահմանված կարգը, ՀԷԿ-ը չի ընդգրկվել մասնավորեցման ծրագրում ու չի ներկայացվել Աժ-ը:
Պարզվում է՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից մեկ շաբաթ առաջ կառավարությունը, այնուամենայնիվ ընդունել է Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի վերաբերյալ որոշում։ Խոսքը կառավարության՝ 2013թ. նոյեմբերի 21-ի նիստում ընդունված «Որոտանի ՀԷԿ-երի համալիր» ՓԲԸ գույքի առքուվաճառքի պայմանագրին հավանություն տալու մասին» որոշման մասին է։ Միայն թե այս որոշումը պահվում է գաղտնի։
«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ այս որոշման նախագիծն ընդգրկված չի եղել ՀՀ կառավարության՝ 2013թ նոյեմբերի 21-ի նիստի օրակարգում։ Այդ մասին որևէ բառ չկա նաև այդ օրվա կառավարության նիստի. մասին պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ասել է թե՝ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի մասին հանրությունը նախապես տեղյակ չի եղել։ Միայն կառավարության կողմից ընդունվելուց և 2013թ. դեկտեմբերի 27-ին վարչապետ Տ. Սարգսյանի կողմից ստորագրվելուց հետո այն տեղադրվել է կառավարության պաշտոնական կայքում, ընդ որում ծածուկ։ Թեև կասկածներ կան, որ այս որոշումն ընդունվել է հետին թվով։
Իրավաբանները պնդում են՝ անկախ այս որոշումից, և հատկապես այս որոշումը կայացնելուց հետո կառավարությունը պարտավոր էր Որոտանի ՀԷԿ-ն ընդգրկել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ու ներկայացնել Աժ՝ վերոհիշյալ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն։ Ի դեպ, ժամանակին այդպես են մասնավորեցվել մի շարք այլ խոշոր ընկերություններ, ինչպիսիք են «ԱրմենՏել»-ը, «Արարատ» կոնյակի գործարանը և այլն։
Նույն օրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում կառավարությունը կայացրել է մեկ այլ որոշում` «Որոտանի ՀԷԿ-երի համալիր» ՓԲԸ կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին։ Այդ որոշման համաձայն՝ Որոտանի ՀԷԿ-ի կանոնադրական կապիտալի մեջ են վերականգնվել 89 մլն 349 հազար 826 դրամ արժողությամբ չորս ջրամբարները՝ Սպանդարյանի, Անգեղակոթի, Տոլորսի և Շամբի ջրամբարները։ Այլ կերպ ասած՝ կառավարությունը մի որոշմամբ նախ Որոտանի ՀԷԿ-ին է վերադարձրել ջրամբարները՝ այդպես ավելացնելով ՀԷԿ-ի կապիտալը, ապա, մեկ այլ որոշմամբ, Որոտանի ՀԷԿ-ի գույքը, այդ թվում՝ վերոհիշյալ ջրամբարները, վաճառել ամերիկյան կազմակերպությանը։
Ի դեպ, նշված ջրամբարները համարվում են ռազմավարական նշանակության օբյեկտներ, որոնք գտնվում են հատուկ պահպանության տակ։ Ավելին՝ «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է. «Ջրի ազգային ծրագրով սահմանված պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են և ենթակա չեն մասնավորեցման»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։