«Ժողովուրդ» թերթը գրում է. «2011թ. Սերժ Սարգսյանի հայտնի ելույթներից մեկը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների համագումարում, թե «գործարարությունը պետք է հետևողականորեն տարանջատվի պետական համակարգից և իշխանությունից», կարծես թե լավ չի ընկալվել:
Համենայնդեպս, իշխանական «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, լինելով պետական պաշտոնյա, ունի սեփական բիզնես, որի ներկայացուցիչները թեև խախտում են օրենքը, սակայն ենթարկվում են ամենամեղմ պատժի:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Բաղդասարյանին պատկանող «Հայասի» ընկերությունն անհայտ ծագման դրոշմանիշեր է ունեցել, որոնց մի մասն ինքնագլուխ ոչնչացրել է: Երբ ՊԵԿ-ը ստուգել և հայտնաբերել է, ընկերության տնօրեն Պողոս Շահինյանը ճանաչվել է զանցառու և տուգանվել ընդամենը 50.000 դրամով: Իսկ 4700 դրոշմանիշերն առանց մաքսային մարմնին տեղեկացնելու ոչնչացնելու համար ենթարկվել է ընդամենը 8000 դրամ տուգանքի:
Պատկերացնո՞ւմ եք, թե ՊԵԿ-ն ինչքան խիստ կլիներ, եթե նույն արարքն աներ շարքային որևէ գործարար»,-գրում է թերթը: