«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Տունդարձի ճանապարհին գտնվող ավտոմեքենաների վաճառքի մասնագիտացած սրահի մերձակայքում գործնական տեսքով ու տրամադրությամբ տղամարդկանց սովորականից աշխույժ անցուդարձն ակամայից գրավեց ուշադրությունս, բայց արձանագրեցի եւ անցա: Դա մի 5 օր առաջ էր:

Բայց երբ նույն տեսարանն ու աշխուժությունը նկատեցի նաեւ դրա հաջորդ օրը, ապա՝ էլի ու էլի, մարդկային ու մասնագիտական հետաքրքրասիրությունն, այնուամենայնիվ, ինձ «հրեցին» այդ մարդկանց մոտ, որոնց շարքերն, ի դեպ, միայն հինգ օրվա ընթացքում արդեն զգալիորեն ավելացել էին:

Ինժեկտորի առավելությունների ու ավտոմատ փոխանցման տուփի «ռեվերսի» (հայերը դրան «զադնի» են ասում) նրբությունների մասին զրուցակցին ինչ-որ բան պատմող Աշոտը, որ երեսուն-երեսունհինգ տարեկան կլիներ, սիրահոժար ու մատչելի բացատրեց, թե՝ ինչն-ինչոց է: Վերաշարադրեմ, հնարավորինս սրբագրելով «ա»-երը եւ օտարահունչ բառերը, մանավանդ որ սա կարող է շատերին հետաքրքրել.

«Նայի, ընկեր ջան, արդեն որոշված է, Հայաստանը մտնում է Մաքսային միություն, չէ՞: Իսկ դա նշանակում է, որ «իմպըռտնի», այսինքն՝ ոչ ռուսական ավտոները թանկանալու են: Ու կտրո՜ւկ են թանկանալու: Ու կապ չունի՝ 5, 10, թե՞ 12 տարվա ավտո ես ուզում առնել: Եթե ռուսական չի, մենակ մաքսազերծումն արդեն ավտոն թանկուկրակ է դարձնելու:

Ես էլ գցեցի-բռնեցի, որ ավելի լավ է գամ ավտոսալոնից լրիվ նոր, չքշած ավտո առնեմ, թեկուզ վարկով, բայց սա հաստատ ավելի էժան է գալու, քան հետո: Պարզապես (զրուցակիցս, իհարկե, ասաց՝ «պըռոստը»), էդ ռուսականներն ախր հեչ ավտո չեն: Ես մի երկու տարի առաջ «մերսս» ծախեցի, հիմա էլի ավտոյի կարիք ունեմ: Բայց որ «խփեն» էլ, մեկ է՝ ռուսական չեմ քշի, ավելի լավ է ցանկացած ոչ ռուսական, դրա համար էլ եկա»:

Ես համբերատար ունկնդրեցի «իմպըռտնի» ավտոմեքենաների եւ ռուսական արտադրության «չավտոների» մասին ավտոսիրողի համեմատական վերլուծությունը՝ հընթացս արձանագրելով, որ փաստորեն այստեղ եկած մյուս մարդիկ էլ են համոզված՝ ավտոները շուտով թանկանալու են, ուստի արժե օր առաջ մտածել «հետոյի» մասին։ Ավելին՝ ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ հունիսի 1-ից նոր ու նաեւ ոչ նոր ավտոների գները վեր են սլանալու, պարզ ասած, թանկանալու են»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: