Քիչ առաջ Կենտորն հեռուստաընկերությունը ներկայացրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան և Ժառանգություն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման տեսանյութը:

«Ես ողջունում եմ մեր համագործակցությունը։ Ես կարծում եմ, որ միասին բոլոր կուսակցությունները՝ Բարգավաճը, Դաշնակցությունը, ՀԱԿ-ը և անգամ Հանրապետականի  որոշ մասնիկներ մեր քաղաքացիական հասարակությունը կարող է փրկել այս վիճակը և վերադարձնել Հայաստանի իշխանությունը ժողովրդին։ Շնորհակալություն այս հյուրընկալության համար։ Գնահատում եմ Ձեր ներդրումը և նաև՝ Ձեր հավաքականի։ Մենք գիտենք, որ մեզնից բարձր կա մի շահ, որ հայրենիքի շահն է և այդ շահի համար մենք միասին այսօր հանդիպել ենք, շնորհակալություն»,- իր խոսքում նշել է Ր. Հովհաննիսյանը։

«Պրն Հովհաննիսյան, ամենակարևորը՝ Դուք գիտեք, որ մենք մեր տեսակետը, մեր հայտարարությունը արել ենք։ Կարող ենք իրար հետ հանդիպել, շփվել, քննարկել այն խնդիրները, որ օգուտ են ժողովրդին։ Մենք դրան կողմնակից ենք։ Ես իմ թիմակիցներին ասել եմ, մեկ անգամ ևս ուզում եմ ասել, որ մենք ոչ մի թշնամի կուսակցություններ չունենք։ Մենք բոլորի հետ պատրաստակամ ենք հանդիպելու, քննարկելու և լիարժեք որն օգուտ է ժողովրդին, դա իրականություն դարձնելու»,- ասել է Գ. Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ ԲՀԿ տարածած հաղորդգրության համաձայն՝ հանդիպման սկզբում փակ դռների ետևում  տեղի է  ունեցել առանձնազրույց, որից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումը շարունակել արդեն ընդլայնված կազմով:

««Ժառանգություն» խմբակցությունից հանդիպմանը մասնակցել են խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, իսկ ԲՀԿ խորհրդանական խմբակցությունը ներկայացրել են խմբակցության քարտուղար Նաիրա  Զոհրաբյանը, պատգամավորներ Վահե Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը: Դռնփակ հանդիպումը շարունակվել է  շուրջ երեք ժամ, որից հետո կողմերը ձեռնպահ են մնացել  մանրամասներ հայտնել քննարկված  թեմաների շուրջ»,- նշված է ԲՀԿ տարածած հաղորդագրությունում:

Ստորև ներկայացնում ենք տեսանյութը.