«Ժողովուրդ» թերթը գրում է. « Երեկ հայտնի դարձավ, որ «Երևան ջուր» ընկերությունը մտադիր է բարձրացնել ջրի սակագինը 7.49 դրամով: Նրանք արդեն դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող ժամանակավոր հանձնաժողով՝ 1 խմ-ի դիմաց ներկայիս 170 դրամը 177 դարձնելու համար:
«Երևան ջուր»-ի այս քայլն ուշագրավ է մեկ այլ առումով. նախորդ տարի, երբ միանգամից կտրուկ բարձրացրին գազի և էլեկտրաէներգիայի սակագները, «Երևան ջուր»-ը, ընդհակառակը, առաջարկեց 3.8 դրամով նվազեցնել սակագինը:
Այն ժամանակ այս ընկերությունը համատարած դժգոհության համատեքստում փորձեց առանձնանալ գնային ինչ-որ իջեցումներով՝ չնայած ակնհայտ էր, որ գազի ու էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը կազդի նաև իրենց վրա: Հիմա «Երևան ջուր»-ը ևս որոշել է թանկացնել ջրի սակագինը:
Թե ինչ հետևանք կունենա դա, մնում է ենթադրել. արդեն իսկ ակնհայտ է՝ այն իր հերթին կբերի մի շարք ապրանքատեսակների թանկացման»։