Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս նիստում քննարկված հարցերը մանրամասն ներկայացրեց խորհրդի քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
Վերջինիս խոսքերով, երեկ հավանության է արժանացել պրովացիոն ծառայության ներդրումը Հայաստանում, որը հնարավորություն կտա նվազ հանցագործություն կատարած անձանց չդատապարտվել ծանր պատժի, այլ՝ ենթարկվել վարչական հսկողության:

«Այս բարեփոխման արդյունքում շուրջ 1300 մարդ կարող են իրենց պատիժը կրել պրովացիոն ծառայության միջոցով, որը ենթադրում է վարչական հսկողություն, օրինակ նա չի կարող լքել տարածքը, կամ լինել մարդաշատ վայրերում: Եթե այսօր մենք մի դատապարտյալի վրա ծախսում ենք 3600 դրամ, ապա վարչական հսկողության դեպքում ծախսը կկազմի 460 դրամ և դա հնարավորություն կտա տնտեսել շուրջ մեկ միլլիարդ», - պարզաբանեց նա:

Բաղդասարյանի խոսքերով, սա հնարավորություն կտա նաև սոցիալական արդարություն սահմանել: ՕԵԿ առաջնորդը նշեց, որ արդեն իսկ այս համակարգի ներդրման համար 800 մլն ներդրում է կատարվել:

«Այդ ամենի շնորհիվ կներդրվի այլընտրանքային պատժի համակարգ, այսինքն վարչական հսկողության համակարգ, որը սահմանափակում է մարդու ազատությունը, բայց թույլ է տալիս գտնվել ազատության մեջ», - նշեց նա, հավելելով, որ այս համակարգը սկսել է գործել որոշ ԱՊՀ երկրներում և երկու տարվա աշխատանքից հետո միայն այն արժանացել է հավանության նաև Հայաստանում:

Արթուր Բաղդասարյանն ասուլիսի ընթացքում ներկայացրեց նաև նիստի ընթացքում քննարկված այլ հարցերը, որոնց շարքում նա առանձնացրեց ՀԱՊԿ-ի և Եվրոմիության հետ հարաբերությունները: