Այսօր խորհրդարանում ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն անդրադարձավ իր որդու դեպքերին:
Այն դիտարկմանը, թե արդյո՞ք խառնվում է որդու գործերին կամ անհանգստանում, նա նշեց, որ չի կարող չանհանգստանալ, քանի որ որդին իր համար ամենաթանկ մարդն է աշխարհում:
«Ինքն իր արարքի համար պետք է պատժվի: Չեմ խառնվում, դա չի նշանակում, թե չեմ անհանգստանում: Իմ համար ամենաթանկն է: Ինչի՞ միջամտեմ, եթե ինքը սխալ է գործել, և այդ սխալի համար պետք է պատասխան տա: Միջամտեմ ո՞ր ինչ», - նշեց նա:
Այն հարցին, թե ինչո՞ւ նախարարի դիրքը չի օգտագործում իր որդուն ազատելու համար, նա նշեց, թե որքանով է դա ճիշտ:
«Այ որ օգտագործեի մի հատ աշխատանքի տեղավորեի, վատ բանի համար ինչ անեմ, իհարկե նախատել եմ, նախկինում էլ եմ նախատել: Նա լավ բան չի արել և որիցե մեկի երեխուն չեմ ցանկանա, անկախ նրանից պաշտոնյա կլինի, թե չէ, ինչ է նշանակում մարիխուաննա ծխելը, դա լավ բան չէ», - նշեց նա:
Այն հարցին, թե ի՞նչ սովորեն երիտասարդները, երբ նա չի կարողացել օրինակ ծառայել իր որդուն, նա նշեց.
«Ի՞նչ է նշանակում չեմ կարողացել օրինակ ծառայել, տասնվեց տարի ԱՄՆ-ում եմ ապրել, էդ Ամերիկայում տասներեք տարեկանից էդ գործերով զբաղվում են, ես էլ ամբողջ ժամանակը զբաղված եմ եղել, ես էլ էդ ուղղությամբ փակ մարդ եմ, ես իմ կյանքի մեջ չեմ տեսել ու չգիտեմ, թե մարիխուաննան ինչ է, ես ոնց կարող էի ուշադիր լինեի: Եթե այդ ճանապարհն անցած լինեի, իհարկե ուշադիր կլինեի, որ իմ երեխեն էդ գործերով չզբաղվեր, վրիպում է եղել և ընդունում եմ, որ սխալն էլ է իմ կողմից եղել, պետք է ավելի ուշադիր լինեի, քան եղել եմ, սա մի չարիք է, որը կարող էր բոլորին կպնել: Ուրախ եմ նրա համար, ինչ որ եղավ և հատկապես նրա համար, որ իմ տղան այսօր հասկացել է և ուզում եմ ասել ամենակարևորը՝ բացի ծխելուց ուրիշ բան չի եղել իր մեջ», - անկեղծացավ նախարարը:
Մանրամասները՝ YerevanNews.am-ի տեսնայութում