Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն  լրագրողների հետ զրույցի ընթացքում գնահատեց ցավալի: «Մեզ համար շատ ցավալի իրադարձություններ են, որովհետև գաղտնիք չէ, որ Ուկրաինան մեզ համար բարեկամ, եղբայրական երկիր է, և մենք շահագրգռված ենք, որ հնարավորինս շուտ լուծումներ գտնվեն, գործընթացները վերականգվեն: Մենք ցանկանում ենք մեր գործընկերներին, որպեսզի այդ քաղաքական ճգնաժամը հնարավորինս շուտ հաղթահարվի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Պատասխանելով հարցին, թե իշխանափոխության նման ճանապարհը, ինչպիսին եղավ Ուկրաինայում, ընդունելի՞ է Ձեզ համար և ինչպե՞ս կվարվեք Դուք, եթե Վ. Յանուկովիչի կուսակցության նման ՀՀԿ-ն էլ հրաժարվի Սերժ Սարգսյանից, Տիգրան Սարգսյանը հավաստիացրեց, թե նման դեպք Հայաստանում տեղի չի ունենա: «Ես կարծում եմ, որ այդպիսի համեմատականները կոռեկտ չեն, տեղին չեն և կարծում եմ, որ որոշ ագրեսիվ ընդդիմախոսներ երազում են նման սցենարի մասին: Բայց ես կարծում եմ, որ դա իրատեսական չէ»,- նշեց նա:

Վարչապետը մատնանշեց մի քանի պատճառներ, թե ինչու Հայաստանում նման սցենար չի կարող իրականացվել. «Առաջին՝ մեր քաղաքական թիմի դիրքորոշումը և մեր քաղաքական թիմի ղեկավարի դիրքորոշումը միշտ եղել է այն, որ մենք պետք է կառուցենք երկխոսության կամուրջներ մեր ընդդիմախոսների հետ՝ լինի դա խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս: Մենք մշտապես հանդես ենք գալիս որպես համագործակցության եզրեր գտնելու կողմնակիցներ ու մեր քաղաքական դիրքորոշումն այս առումով շատ հստակ է: Երկրորդ՝ գաղտնիք չէ, որ մենք ունենք տնտեսական խնդիրներ, և մենք ինքներս ենք բարձրացնում այդ խնդիրների մասին, մեր դռները միշտ բաց են համագործակցության ցանկացած առաջարկի համար, ինչը նույնպես ստեղծում է որակապես այլ միջավայր: Երրորդը, և ամենակարևորը՝ մեր ժողովրդի դիրքորոշումն է», - եզրափակեց նա: