ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Մարտի մեկը Հայաստանում կազդարարի հանրահավաքների և բողոքի նոր ալիքի սկիզբը։ Այդ ամենին շուտով կգումարվեն պարտադիր կուտակայինին դեմ լինելը, տնտեսության վատթարացող վիճակը, սոցիալական իրավիճակի անխուսափելի ծանրացումը և այլն։ Հաճելի է, որ ոչ իշխանական ուժերի մեջ առկա է համագործակցության մթնոլորտ։ Այն պետք է փայփայել։ Կուզենայի կանգ առնել մի քանի սկզբունքային հարցի վրա։ Իշխանությունները վերջերս մի թեզ են զարգացնում. իբր թե Հայաստանում Մայդան հնարավոր չէ, քանի որ մեզ մոտ հակառուսական տրամադրությյունները չեն գերակշռում։ Այս թեզը նպատակ ունի ծավալվող բողոքի ալիքը մարել։ Այն բացարձակապես անհիմն է։ Նախ, Մայդանը ուներ մի քանի նպատակ, որոնցից ամենակարևորն էր՝ վերջ տալ կոռուպցիային։ Այս առումով հայկական մայդանը ծավալվելու լուրջ տեղ ունի.երկրում առկա է երբևիցե չտեսնված, անսահման ու համընդհանուր կոռուպցիա իշխանության բոլոր մակարդակներում։ Այն պարզապես խրախուսվում է երկրի ղեկավարության կողմից։ Ս.Սարգսյանը մատը մատին չխփեց իրավիճակը փոքր-ինչ շտկելու համար։ Հակառակը՝ խորացրեց։ Կուտակված ատկատա-քավոր-սանիկական-օֆշորային խնամիական մաֆիան կերել է երկիրը։ Այն չի զարգանում։ 6 տարում տնտեսությունն աճել է 8 տոկոսով՝ ավելի քան կրկնապատկելու խոստումի պարագայում։ 2008-ին, օրինակ, Ս.Սարգսյանը 2012-ի համար այսպիսի խոստումներ էր տվել. անվանական ՀՆԱ՝ 5570 մլրդ դրամ (փաստ՝ 3981), արտահանում՝ 3861 մլն դոլար (փաստ՝ 1428), աղքատություն 11,9 տոկոս (փաստ 35 տոկոս), ուսուցչի միջին աշխատավարձ՝ 207.2 հազ դրամ (փաստ՝ 79 հազ. դրամ), պետական կառավարման մարմինների աշխատողների միջին ամսական աշխատավարձ՝ 207.8 հազ. դրամ (փաստ՝ 97 հազ դրամ), կառավարման համակարգը բնութագրող ցուցանիշներով եվրոպայի նոր անդամ երկրների ներկա (2008թ) մակարդակի գերազանցում (փաստ՝ ոտքեր)։ Արդեն 1,5 տարի է ինչ խորհրդարանում ականատեսն եմ այն բանի, որ կառավարությունը ներկայացնում է պատեհապաշտական օրենքներ։ Ժողովրդի մասին ոչ-ոք այնտեղ չի ուզում մտածել։ Օրենքները միշտ պաշտպանում են իշխանավորներին ու խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին։ Ցանկացած առիթ օգտավործվում է պոկել տանելու համար։ Դիտավորյալ չեն ստեղծում պարզ հարկային դաշտ՝ փոքր բիզնեսի շահերը պաշտպանելու համար։ Բանը հասել է կուտակային կենսաթոշակների այս խայտառակ սխեմային՝ 45 տարով առանց որևէ լուրջ երաշխիքի վերցնել ու տանել փողերը։ Միասնական եկամտահարկի մասով հող է նախապատրաստվել պետական (սերունդների) կենսաթոշակային համակարգի վերացման համար։ ՏԻՄ մարմինները բյուջե չունեն։ Հերթում են մյուս այլանդակությունները. պարտադիր բժշկականը, դրոշմապիտակները, լիցենզիաները։ երկրորդ, Հայկական մայդանը ամենևին պարտադիր չէ, որ հակառուսական լինի։ Հայաստանը պետք է եվրաինտեգրվի, ինտեգրվի մաքսային միության հետ և կամ թե ընդհանրապես ոչ մի բան չանի՝ հանգիստ կարող է որոշել ժողովուրդը հանրաքվեի միջոցով։ Շատերն ասում են, որ հայ ժողովուրդը աներկբայորեն կընտրի Ռուսաստանի հետ հետագա մերձենալու ճանապարհը։ Է, ոչինչ, եթե ժող՚ովուրդն է ընտրել նորմալ է։ Դրանում ոչ մի վատ բան չկա։ Մեր մայդանի հիմնական թիրախը այդ դեպքում այս կոռումպացված իշխանություններին վերջ տալն է։ Այ այստեղ Ռուսաստանը կրծքով չի փակելու մեր ճամփան։ Ճիշտ հակառակը, նրան հաջող պատմություն է պետք։ Ռուսաստանը կուզենա, որ Հայաստանի հետ նոր մերձեցումը լինի հայ ժողովրդի, այլ ոչ թե Ս.Սարգսյանի որոշման արդյունքում։ Ռուսաստանում չեն մոռացել Տ.Սարգսյանի մտքի դեգերումներն առ այն, որ ընդհանուր սահմանի բացակայության դեպքում Հայաստանի ՄՄ-ին անդամակցելն անհնարին է։ եվ ուրեմն, ընդդիմությունը այս խայծը չպետք է կուլ տա։ Պայքարն իշխանության դեմ Հայաստանում չի կարող և չպետք է նունականացվի հակառուսականության հետ։ Ամենևին, մեր վարչակազմը իր իսկ ստեղծած ռեժիմը փորձում է պաշտպանել ՄՄ քողով։ Մի խաբվեք, հարգելի ընդդիմադիրներ։ Ռուսաստանում այս ամենը շատ լավ գիտակցում են։ Արեք ձեր գործը։ Ռուսաստանը որևէ կերպ չի օգնելու ՀՀ իշխանություններին, որպեսզի վերջիններս վերարտադրվեն։