Հայաստանի ՊՆ ենթասպաների դպրոցում, փետրվարի 24-ից մեկնարկել է ամերիկյան հրահանգիչների կողմից ամերիկյան սերժանտների պատրաստության ծրագրով անցկացվող մեկշաբաթյա խտացված դասընթացը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դասընթացն անցկացվում է ՀՀ ԶՈՒ պայմանագրային սերժանտների հերթական հոսքի պատրաստության չորսամսյա ծրագրի շրջանակներում եւ նախատեսվում է հետագայում եւս նմանատիպ դասընթացների ընդգրկումը նշված ծրագրում:
Նշված դասընթացը ամերիկյան սերժանտների պատրաստության ծրագրի մաս է կազմում եւ դրա շրջանակներում ՀՀ ԶՈՒ պայմանագրային սերժանտները պատրաստվում են որպես կրտսեր հրամանատարներ եւ ձեռք են բերում առաջնորդի հմտություններ` ծանոթանալով ԱՄՆ սերժանտների ֆիզիկական պատրաստության, տեղանքում կողմնորոշման, փոքր ստորաբաժանումներով մարտավարության, մարտական հրամանների կազմման հիմունքներին եւ այլն:
Դասընթացի մասնակիցներին ավարտական հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը կայանալու է մարտի 1-ին` ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցում: