Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության եւ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետերը, ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատարը, կադրերի եւ ռազմական կրթության ու պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչներ, ս.թ. փետրվարի 25-ից 26-ը աշխատանքային այցով եղել է Չեխիայի Հանրապետության Վիշկով քաղաքում գտնվող Բրիտանական ռազմական ուսումնախորհրդատվական խմբի վարժական կենտրոնում:

Կենտրոնը ստեղծվել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության կողմից, որտեղ բրիտանացի հրահանգիչների կողմից տարեկան մեկ տասնյակից ավելի դասնթացներ են անցկացվում տարածաշրջանի երկրների զինծառայողների համար: Կենտրոնում անցկացվող կրտսեր հրամանատարների, հրահանգիչների, կրակային պատրաստության, խաղաղապահ գործողությունների դասընթացներին հայ զինծառայողները մասնակցում են 2002 թվականից: Կենտրոնում ուսանած մոտ 170 հայ սերժանտներ եւ սպաներ ներկայումս ծառայում են ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումներում, հիմնականում` խաղաղապահ բրիգադում:

Այցելության ընթացքում քննարկվել են Բրիտանական ռազմական ուսումնախորհրդատվական խմբի հետ հետագա համագործակցության ծրագրերը: Ձեռք բերված պայմանավորվածությունների թվում են կենտրոնում հայ զինծառայողներին հատկացվող տեղերի քանակի ավելացումը, կենտրոնի հրահանգիչների կողմից Հայաստանում վարժանքների կազմակերպումը, ուսումնական ծրագրերի մշակման եւ ՀՀ զինված ուժերում կիրառման հնարավորություններին առնչվող խնդիրներ եւ այլ հարցեր: