Ֆիլմի պրեմիերան կայացել է 2012-ի մարտի 1-ին: Ֆիլմում ներկայացված են ղարաբաղյան հակամարտության ընթացքում Ստեփանակերտի շրջափակման ճեղքման և Աղդամի ուղղությամբ ռազմական օպերացիայի (այսպես կոչված՝ «Խոջալուի դեպքերի») հետ կապված մանրամասներ:
Ֆիլմի ստեղծման աշխատանքներն իրականացրել են ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը»:
Երկու մասից բաղկացած վավերագրական ֆիլմում ներկայացված են Ադրբեջանի քաղաքական շրջանակների կողմից կատարված հանցագործությունները հաստատող անհերքելի փաստեր. հանցագործություններ, որոնց զոհ են գնացել կանայք, երեխաներ և ծերեր:
Փաստավավերագրական մեծաքանակ նյութերի շնորհիվ ֆիլմը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն լայն հասարակության, այլ նաև հետազոտական շրջանակների համար: Իսկ այն նյութերը, որոնք հավաքվել են Ադրբեջանի կողմից վերահսկվող Աղդամում զոհված խաղաղ բնակչության և հայաբնակ Ստեփանակերտի բնակչության ողբերգական մահվան հանգամանքների ուսումնասիրության արդյունքում' հիմք են դարձել այս մեծածավալ նախագծի ստեղծման համար, որը նպատակ ունի լույս սփռել ադրբեջանցիների կողմից ավանդաբար կիրառվող մանիպուլյացիաների և շահարկումների վրա, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակչությանը իրենց պատմական հայրենիքից տեղահանելու Բաքվի կողմից կիրառվող փորձերի հետ: