Հայաստանի սերժանտներին եւ շարքային զինծառայողներին մարտի 1-ին՝ ՀՀ ՊՆ Ենթասպաների դպրոցում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի «Ռազմահրամանատարական ուսումնական դասընթացի» եզրափակիչ միջոցառման ընթացքում, սերտիֆիկատներ են հանձնվել։

Մեկշաբաթյա դասընթացին մասնակցել են 46 շարքայիններ եւ սերժանտներ, ընդ որում՝ հայ-ամերիկյան ծրագրում ներառված էին նաեւ խաղաղապահ բրիգադները։

Ամփոփիչ միջոցառմանը ներկա են գտնվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը։

ԱՄՆ-ի ցամաքային զորքերի եւ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի վեց զինծառայողներ մեկ շաբաթվա ընթացքում հայ զինծառայողներին ծանոթացրել են առանցքային մի քանի թեմաների։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ մեկշաբաթյա լարված ուսումնական գործընթացի շնորհիվ հայ սերժանտները ավելի լավ կկատարեն իրենց պարտականությունները: «Մեծ է ամերիկյան խաղաղապահ բրիգադի դերը որակավորված սերժանտներ պատրաստելու գործում: Այդ համագործակցության հաջողությունը հատկապես ակնհայտ է Կոսովոյում եւ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություններին մասնակցող մեր զինվորականների օրինակով, - ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ ուսումնական գործընթացին մասնակցած սերժանտները մեծ ներդրում են կատարում:

Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը նշել է, որ սերժանտները ցանկացած ԶՈՒ-ի կարեւորագույն օղակն են: «Հայ զինվորականների ավանդը Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում շատ կարեւոր է, եւ դա շատ բարձր է գնահատվում: Տվյալ ուսումնական փուլի նպատակը ոչ միայն մարտական հմտությունների բարձրացումն է, այլեւ այն, որ սերժանտը ԶՈՒ-ում բարոյահոգեբանական մթնոլորտի եւ կարգուկանոն պահպանելու համար պատասխանատու առաջնորդ է», - հայտնել է դեսպանը՝ ընդգծելով, որ դա շատ կարեւոր է ոչ միայն սերժանտների, այլ նաեւ ամբողջ Հայաստանի համար:

Ըստ ուսումնական դասընթացի մասնակից սերժանտ Արկադի Վարոսյանի` Խաղաղապահ ջոկատների մեկշաբաթյա մարտական դասընթացի շնորհիվ իրենք բավական շատ գիտելիքներ են ստացել իրենց ամերիկացի գործընկերներից: