Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Հայկ Դեմոյանը facebook-յան իր էջում գրել է.
Մի քանի դիտարկում Գառնիի հնավայրի տարածքում սրճարան կառուցելու հարցի շուրջ
Նման գաղափարի ծնունդն ու այն համառորեն առաջ տանելը ոչ միայն զարմացնում ու ապշեցնում է, այլ նաև լուրջ մտավախություն է առաջացնում այն առումով, որ մեր ժառանգությունը ցանկացած մեկի քմահաճույքի կամ եկամուտ ստանալու ցանկության պատճառով կարող է լրջորեն վտանգվել: Գառնիի դեպքը բնավ էլ շարքային դեպք չի, ուստի դրա դեմը պետք է առնել բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով:
Հիմա մի քանի կետերով անդրադառնամ այս հարցին:
ա. Գառնիի հնավարի տարածքում ցանկացած շինության կառուցում վտանգում է հնագիտական թե պեղված և թե չպեղված շերտերը: Ավելին, սխալ եմ համարում նաև հնավայրի տարածքում դեռ 2001 թ. կառուցված ջրավազանի առկայությունը: Դա ևս մեծ վնաս կարող է հասցնել հնավայրի չպեղված հատվածներին:
բ. Նույնիսկ հնագիտության մասին մակերեսային պատկերացում ունեցողները հասկանում են, որ սրճարանի համար ընտրված վայրը ընդամենը ութ մետր հեռավորության վրա գտնվելով անտիկ շրջանի բաղնիքից և կառուցվելու է վերջինի համեմատ մոտ չորս մետր բարձրության վրա: Սա նշանակում է, որ սրճարան կառուցելու դեպքում վտանգվելու է ուշ միջնադարից մինչև նեոլիթի դարաշրջանին վերաբերող մշակութային շերտը.
գ. հնավայրի տարածքում ամեն կերպ զբոսաշրջիկ պահելու և նրանից ինչ որ գումարներ ստանալու հիմնավորումները որևէ քննություն չեն բռնում: Պարզ մաթեմատիկական հաշվարկները ցույց են տալիս, որ Գառնիի հնավայր այցելողները տուրիստական սեզոնի ընթացքում օրական ապահովում են 1000-ից մինչև 1500 ԱՄՆ դոլար եկամուտ, ինչն այնքան էլ քիչ գումար չի և լիուլի բավարար է տարածքը բարեկարգելու համար:
Անհրաժեշտ է նաև տեղափոխել ամրոցի մուտքի մոտ տեղադրված անճաշակ ու տեղավայրին ոչ հարիր տոմսարկղի լամինատե կրպակը:
Հայկ Դեմոյան
Հանրային խորհրդի անդամ