Հայաստանի Էրեբունի ռազմական օդակայան են փոխանցվել ՄիԳ-29 բազմանպատակային կործանիչների մեկ խմբաքանակ՝ հիմնարար վերանորոգումից հետո։
Այս մասին հաղորդում է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության պետ, գնդապետ Իգոր Գորբուլյան։
Նրա խոսքերով՝ ներկա դրությամբ Էրեբունի օդակայանում իրագործվում է 4-րդ սերնդի ՄիԳ-29-ի ընդունման գործընթացը։
Տարվա սկզբից ՄիԳ-29-ի օդաչուներն ավելի քան 50 հնարքային ուսումնական օդային մարտեր են իրականացրել, ինչպես մենամարտերի շրջանակներում, այնպես էլ խմբերի կազմում 500-8000 մ բարձրության վրա:
Նշենք, որ Էրեբունի ռազմական օդակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան։ Էրեբունիում են կայանում հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները։
ՄիԳ-29 կործանիչը նախատեսված է օդում գերակայության նվաճման համար, երկրի վրա գտնվող թիրախների կործանման համար, ինչպես նաեւ օրվա ցանկացած պահին, ցանկացած եղանակային պայմաններում թշնամու ՀՕՊ միջոցների ոչնչացման համար: Սպառազինության կառավարման համակարգը ներառում է ռադիոլոկացիոն նշանակետային համալիր, օպտիական կայանն եւ նշանադրման համակարգ: