Ի՞նչ խնդիրներ կարող է առաջանալ չափազանց շատ աշխատելու հետևանքով:
Այս թեմայով այսօր Ելակետ մամուլի ակումբի ասուլիսի ժամանակ խոսեց բժիշկ-սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանը:
Ըստ նրա՝ գերծանրաբեռնված աշխատանքը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու սեռական կյանքի վրա:
«Երբ ամուսնու պարագայում է դիտվում ծանրաբեռնվածությունը և սեքսուալ ֆունկցիայի ընկճումը, ապա կնոջ մոտ է առաջանում անհանգստություն, ցանկություն` դիմելու: Այն պարագայում, երբ զույգերից յուրաքանչյուրն է տարված իր կարիերայով և աշխատանքային պրակտիկ գործունեության մեջ ընկղմվելով, սա առավել դժվար է լինում լուծել, քանի որ, արդեն, եթե երկուստեք է առաջանում հետաքրքրությունների տեղաշարժ սեքսուալ հետաքրքրությունից այն կողմ, այս պարագայում արդեն դիմելու առումով որոշակի խնդիր է առաջանում»,-իր խոսքում ասաց Սևադա Հակոբյանը:
Նրա խոսքով՝ հատկապես գիշերային ժամերին լարված եւ կլանված աշխատանքը կարող է խաթարել տղամարդկանց սեռական ակտիվությունը և հանգեցնել հորմոնալ խանգարումների։
Սեքսապաթոլոգի խոսքով՝ աշխատանքի բերումով սեռական կյանքի ակտիվության նվազումը հատուկ է տնօրեններին, ղեկավար պաշտոն զբաղեցրած անձանց եւ հաճախ այդ հիվանդությունը հենց այդպես էլ կոչվում է՝ տնօրենների հիվանդություն։
«Անհատն ամբողջությամբ տարածված է լինում աշխատանքով, ինչը երկրորդ պլան է մղում սեռական կյանքը: Այս պարագայում որոշակի սեքսուալ խանգարումներ են դրսևորվում, իջնում է սեռական ակտիվությունը, ինչն իր հերթին բացասաբար է անդրադառնում միջանձնային փոխհարաբերությունների վրա»,-նշեց Ս. Հակոբյանը:
Վերջինիս առաջարկում է սահմանել աշխատանքի և հանգստի ռեժիմ՝ խնդրի լուծման համար: