Մարտի 6-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այցելեց Հադրութի շրջան՝ Հադրութ քաղաքի, Առաքել և Արևշատ գյուղերի համայնքապետերի՝ 2013 թ. գործունեության հաշվետվություններին ներկա գտնվելու և համայնքների բնակչության հետ հանդիպելու նպատակով:
Հադրութ քաղաքում կայացած հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարն իր խոսքում անդրադարձավ համայնքում կատարված աշխատանքներին, հիմնախնդիրներին և զարգացման ծրագրերին: Ընթացիկ աշխատանքներից նա կարևորեց երկրորդ մանկապարտեզի շենքի կառուցումը, որը կսկսի գործել այս տարվա սեպտեմբերից: Գործադիրի ղեկավարը տեղեկացրեց, որ քաղաքի զարգացման ծրագրում իր կարևոր տեղը կունենա բազմաբնակարանային նոր շենքերի կառուցումը: Ի պատասխան բնակիչների կողմից բարձրացված խնդրի՝ վարչապետը խոստացավ աջակցել համայնքի սանմաքրման աշխատանքների համար տրակտորի և ջրցան մեքենայի ձեռքբերման հարցում: Ա. Հարությունյանը կոչ արեց ավելի նախաձեռնող լինել համայնքի տնտեսական առկա ներուժը օգտագործելու գործում, որի առանցքային ճյուղերից են գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը: Հանդիպմանը ներկա էր նաև մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ով քաղաքապետին փոխանցեց օրեր առաջ Հադրութի և Ֆրանսիայի Վիեն քաղաքի միջև կնքված բարեկամության հռչակագրի մի օրինակը:
Առաքել և սահմանամերձ Արևշատ համայնքների բնակիչների հետ հանդիպումների ժամանակ վարչապետն ընդգծեց դրանց ռազմավարական նշանակությունը՝ որպես ծայր հարավի բնակավայրեր: Այդ տեսանկյունից Ա. Հարությունյանը հավաստիացրեց, որ նրանք իշխանությունների հատուկ ուշադրության ներքո են: Կատարված աշխատանքներից կառավարության ղեկավարը կարևորեց երկու գյուղերի նոր դպրոցների կառուցումը և աջակցության այլևայլ ծրագրերի իրագործումը: Անդրադառնալով համայնքների զարգացման հնարավորություններին՝ վարչապետ Հարությունյանը խորհուրդ տվեց զբաղվել նաև անասնակերերի մշակմամբ, որպեսզի հնարավոր լինի զարկ տալ անասնաբուծությունը: Գործադիրի ղեկավարը կոչ արեց բնակիչներին միասնական ու ինքնակազմակերպվող լինել համայնքային խնդիրների լուծման ճանապարհին՝ այդ թվում և բնակարանային պայմանների բարելավման գործում, որի կապակցությամբ կառավարությունը պատրաստ է աջակցել անհրաժեշտ ծավալի շինանյութով:
Հանդիպումների վերջում վարչապետը պատասխանեց բնակիչների հարցերին՝ տալով համապատասխան պարզաբանումներ և հանձնարարականներ: Այցի ընթացքում նրան ուղեկցում էր Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին