ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում խոսելով Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի տապալման մասին, ասաց, որ չի բացառում, որ սա կարող է իշխանության համար վերջին հնարավորությունը լինել ինչ-որ բան անելու համար:

«Եթե երկրում իրադարձություններ լինեն, կարող է այլևս նրանց օգնությունը Մարտի1-ի սպանության բացահայտման գործում էլ պետք չլինի»,-ասաց Լևոն Զուրաբյանը: 

Լրագրողի հարցին, թե ի՞նչ նկատի ունի ՀԱԿ պատգամավորը, Լևոն Զուրաբյանը մանրամասնեց. «Կարող է այնպիսի պրոցեսներ տեղի ունենան, որ իրենց իշխանական լծակներն էլ կորցնեն»:

Վերջինիս խոսքերով` անպայման չէ հեղափոխություն անելով իշխանափոխության հասնել: «Մարդիկ են հրաժարականներ տալիս, թավշյա քաղաքական գործընթացներ են տեղի ունենում: Իսկ նրանցից ավելի բռի, կոպալ մարդիկ, ի՞նչ է, հրաժարական չե՞ն տալիս աշխարհում»,-ասաց Լևոն Զուրաբյանը:

Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ իրենք կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել, իսկ մարտի 1-ին իրենք կազմակերպեցին բազմահազարանոց հանրահավաք: Ըստ նրա՝ սրանք պրոցեսներ են, և չի կարծում, որ ժողովուրդը պատրաստվում է հաշտվել երկրում տեղի ունեցող իրավիճակին:

«Ինչ վերաբերում է Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի մերժմանը, ապա հրաժարվելով ստեղծել այդ հանձնաժողովը, իշխանությունը դրանով ասեց, որ այո, մենք ենք արդարադատությանը խոչընդոտող մարմին ենք»,-ասաց Լևոն Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում տապալվեց Մարտի 1-ի դեպքերը քննող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 46, իսկ դեմ` 66 պատգամավոր: