ԱԺ նիստում շարունակվում է քննարկվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Նշենք, որ օրենքի նախագծով առաջարկվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով թույլ տալ ծխախոտի գովազդը, ինչպես նաև ժամը 06:00-ից մինչև 22:00-ը ` թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային միավոր):

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն իրենց խմբակցության անունից ելույթ ունենալով իր դժգոհությունը հայտնեց օրենքի նախագծի վերաբերյալ ասելով, թե տվյալ օրենքի ընդունումը հակապետական է:

ՀԱԿ պատգամավորը նշեց, որ շատ շուտով միանալու ենք Մաքսային միությանը, իսկ մաքսային միության կազմում ընդգրկված պետություններում ալկոհոլի գովազդն արգելվում է:

Վերջինս շատ սուր ելույթ ունեցավ, ստորև ներկյացանում ենք նրա ելույթից մի հատված.

«Ի՞նչ ենք գովազդելու, «Լուս Աստղ», գովազդում ենք, որ թունավորե՞նք ժողովրդին: «Լուս Աստղը» խմում են էն մարդիկ, ովքեր թանկ օղի խմելու հնարավորություն չունեն, խմում են են, որ հարբեն: Ախր հակապետական բան եք անում, չե՞ք զգում: Բա կարելի՞ է մեկի կամքը բերել խորհրդարան և խորհրդարանն էլ միաձայն քվեարկել:

Ձեր երեխեքը, որ հարցնում են, ասում են ոնց քվեարկեցիք, ասում եք Գալուստ Սահակյանը ոնց ասեց, տենց էլ քվեարկեցի՞նք, հերիք ա էլի, քվեարկենք այնպես, ինչպես դուք եք մտածում:

Դեպուտատ եք ախր, ձայն եք հավաքել, գործի տեր եք, մի քիչ ինքնուրույն քվեարկեք: Ջհանդամ, թե փեսեն առաջարկել է, պետք է քվեարկե՞ք: Ակնհայտ է չէ, որ սա օրենք չի, սա հակահասարակական, հակաառողջապահական օրենք ա: Մի քիչ թասիբը թող մեջներդ ավելանա էլի, ոնց կարելի ա տենց օրենքի նախագծին կողմ քվեարկել»,-իր խոսքում ասաց Արամ Մանուկյանը:

Նշենք, որ «Լուս Աստղ» ըւնկերությունը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: