Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նոր նախագիծը, որի համահեղինակներ են ԱԺ պատգամավորները, արդեն իսկ բուռն արձագանք է գտել լրատվամիջոցներում` չնայած այն հանգամանքին, որ դեռևս չի քննարկվել խորհրդարանում:
Նախագծի էությունն այնն է, որ պատասխանատվության կենթարկվեն այն լրատվամիջոցները, որոնք կվերցնեն և իրենց մոտ կտեղադրեն ֆեյսբուքում ու այլ սոցցանցերում վիրավորանք և զրպարտություն պարունակող կողծ օգտատերերի կողմից գրված մեկնաբանությունները:

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում վերոհիշյալ օրենքին անդրադարձան «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը և Blognews կայքի խմբագիր Արամ Անտինյանը: Թովմասյանը նշեց, որ նախագծով ամրագրված է, թե զրպարտություն տարածելը խանգարում է մարդկանց արժանապատվությանը, սակայն խմբագրի խոսքերով սա կապ չունի օրենքի հետ:

«Սա չի նշանակում պաշտպանվածություն ընտանեկան կյանքից կամ արժանապատվությունից: Մենք Եվրախորհրդի անդամ երկիր ենք և Եվրախորխուրդն ընդունել է անանուն լինելու իրավունք», - նշեց նա, հավելելով, որ օրենքում կա կետ, ըստ որի լրատվական գործունեություն իրականացնողը ազատվում է պատասխանատվությունից, եթե բացահայտում է, թե ով է եղել զրպարտողը:

«Այստեղ վիճելի է, թե ով է համարվում լրատվական գործունեություն իրականացող: Եթե այն չունի աշխատակազմ, հասցե, գտնվելու վայր, ապա նրան լրատվամիջոց անվանելն ինձ համար վիրավորական է», - նշեց նա:

Իսկ ըստ Blognews-ի խմբագիր Արամ Անտինյանի, սա հերթական օրինագիծն է, որը բավական սխալ մեկնաբանվեց:

«Այն ստացավ ֆեյքերի դեմ պայքարի օրենք անվանումը սոցցանցերում: Մեղավորները ԱԺ պատգամավորներն էին որ գոնե խոսեին, որ սա մարդու իրավունքների պաշտպանության օրինագիծ է, սկսեցին միայն խոսել, որ դեմ են», - նշեց նա, հավելելով, որ սա անիմաստ է, քանի որ ինչ-որ նոր բան չի տալու:

Նրա խոսքերով, ֆեյքերը հենց այն մարդիկկ են, ովքեր շատ ժամանակ պաշտպանում են հենց այն մարդկանց, ովքեր այս նախաձեռնության ետևում են կանգնած:
«Փաստորեն պայքարում են իրենց կուսակիցների ֆեյքերի դեմ», - նշեց նա: