Ինչպես արդեն հայտնել էինք, քիչ առաջ ավարտվել է ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումը, որին մասնակցություն են ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը, ՀԱԿ պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը:

Հանդիպումից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Լևոն Զուրաբյանը նշեց, որ քննարկել են ամեն ինչ: Անդրադառնալով կառավարության հրաժարականին, նա նշեց.
«Բոլոր քաղաքական ուժերն էլ խոսել են այն մասին, թե ինչպես են տեսնում խնդիրների լուծման իրենց տարբերակները: ԲՀԿ-ն դա արեց համագումարում, մենք հանրահավաքի ժամանակ և բոլորը նշեցին կոնսոլիդացիայի անհրաժեշտության մասին: Այսօր մենք ունեցանք խոսակցություն այդ օրակարգի շուրջ: Ինչ որոշում որ ընդունվի, ընդունվելու է չորս քաղաքական ուժերի համաձայնությամբ: Բնականաբար քննարկել ենք ամեն ինչ, թե երկիրը որտեղ է գտնվում, ուր է շարժվում», - նշեց նա:

Զուրաբյանի խոսքերով, երկրի խնդիրների լուծման միակ տարբերակը Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումն է և երկրում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը:

«Մենք այս հանդիպումը համարում ենք կայացած և համոզված ենք, որ այս հանդիպումը սկիզբ է դնելու նման այլ համագործակցությունների: Թե մեր հեռահար ծրագիրը որքանով կհամապատասխանի ԲՀԿ-ի հետ, ցույց կտա ժամանակը, սակայն մենք ունենք փոխըմբռնում, ես չեմ ուզում բոլոր փակագծերը բացել , սակայն կան խնդիրներ, որ պետք է լուծվեն փոխադարձ համաձայնությամբ»:

Ես տեսա ցանկություն, ռեալ շահագրռվածություն խնդիրները լուծելու և ցանկություն չորսի ֆորմատով աշխատելու: Անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ հանդիպմանը, այս մասին նշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Պետք չէ , որ չորս ուժերով հարյուր տոկոսանոց համաձայնություն ունենանք, սակայն ընդհանուր հարցերի շուրջ համաձայնությունը թույլ է տալիս ծրագրեր իրականացնել: Կա կամք, կա ցանկություն, կա համատեղ իրականացվող ծրագիր: Այսօրվա հանդիպումը ինչ-որ փուլ է, որը լուրջ հետևանքներ կունենա»:

 

Տեսանյութը՝ YerevanNews.am