ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մարտի 11-ին հրավիրվել է համատեղ խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բուհերի ռեկտորներ, կրթական ոլորտի պատասխանատուներ, ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավար կազմը:

Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ռազմական բուհերի կառուցողական համագործակցությունը բարձրագույն այլ կրթօջախների հետ և ընդգծել, որ ստեղծվել է մրցունակ ու միջազգային չափանիշներին համապատասխան ռազմակրթական համակարգ: «Հանդիսանալով ՀՀ կրթական համակարգի օրգանական կարևոր տարրերից մեկը, ռազմակրթական համակարգը ևս անցավ  կայացման ու զարգացման փուլեր, որի արդյունքում ձևավորվեց և սկսեց հայրենական արժեհամակարգով դաստիարակված սպայական կադրերի պատրաստման կայուն գործընթացը: Այն ճանապարհը, որ այլ պետությունների ռազմական  բուհերն  անցան 100 տարիների ընթացքում, մեր ռազմակրթական համակարգն անցավ շուրջ 10 տարվա ընթացքում և հասավ միջազգայնորեն մրցունակ աստիճանի: Դրա վկայությունն են, իհարկե, միջազգային խաղաղապահ առաքելությունների ընթացքում մեր սպայական կազմի գարծողությունները, որոնք միջազգային համապատասխան կառույցների բնութագրմամբ մրցունակ են և շատ դեպքերում օրինակելի: Մեր հաջողությունները պայմանավորված են եղել նաև քաղաքացիական բուհերի հետ արդյունավետ համագործակցությամբ, սակայն այսօր առաջ է եկել այդ համագործակցությանը նոր որակ և  ընթացք տալու  անհրաժեշտություն»,-նշել է Սեյրան Օհանյանը:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին ընդգծել է, որ պաշտպանության և կրթության նախարարությունների միջև համագործակցության մեծ փորձ է  կուտակվել, և  քաղաքացիական կրթության ոլորտում ձեռք բերված արդյունքները ռազմական կրթության և զինված ուժերի ոլորտում կիրառելու նոր հնարավորություններ են ստեղծվել:  Խորհրդակցության ընթացքում բուհերի ռեկտորները, ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարները ներկայացրել են համատեղ  կրթական ծրագեր իրականացնելու վերաբերյալ իրենց առաջարկները: Այս համատեքստում կարևորվել  է Երևանի պետական բժշկական համալսարանում գործող ռազմական բժշկության ֆակուլտետի գործունեությունը, նշվել է, որ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը կարող է աջակցել զինված ուժերի համակարգին՝ պատրաստելով ռազմական թարգմանիչներ: 

Համատեղ խորհրդակցությունն ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև «Միջբուհական համագործակցություն» ծրագրի մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությամբ: