Ըստ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, Հայաստանում գաղջ մթնոլորտի հաստատման պատճառներից մեկն էլ այն է, որ իշխանությունները քրեական հետապնդման լծակները կիրառում են քաղաքական հետապնդումների համար, եւ դրա վառ օրինակը ազատամարտիկ Վոլոդյան Ավետիսյանի հետ կապված գործն է:
Պատգամավորը նախ նշեց, որ Վոլոդյա Ավետիսյանը հանդիպել է Սեյրան Օհանյանի հետ, ով Սերժ Սարգսյանի անունից ուղերձ է հղել Վոլոդյա Ավետիսյանին` հորդորելով դադարեցնել այդ ակցիաները: Դրանից հետո նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ խարդախության մեղադրանքով:
Սեյրան Օհանյանը նշեց, որ, իսկապես, Վոլոդյա Ավետիսյանի հետ եղել է հանդիպում, սակայն Վոլոդյան չի կատարել պայմանավորվածությունները:
«Վոլոդյան մեր մարտական ընկերն է, ու ես չեմ ուզում ներկայացնել նրան այստեղ»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նիկոլ Փաշինյանն, արձագանքելով, ասաց, որ իր տպավորությամբ` Վոլոդյային դատում են ոչ թե քրեական օրենսգրքի որևէ հոդվածով, այլ էլիտայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու համար:
Նրա խոսքով՝ ՀՀ քրեական օրենսգրքում չկա այնպիսի հոդված, որ Սերժ Սարգսյանի ասածը չանելու համար մարդը պետք է դատվի: