Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն ու Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը քննարկում էին ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի համագործակցությունն ու քննարկվող հարցերը:

Մանվել Բադեյանի խոսքերով, ոչ իշխանական ուժերը քննարկում են կառավարության հրաժարականի հարցը, բայց չունեն իրենց թեկնածուն:

«Թող գան ասեն հեսա մեր թեկնածուն, մենք էլ ասենք գիտես ինքն ավելի լավնա», - նշեց նա:

Գառնիկ Իսագուլյանի խոսքերով էլ բոլորն էլ կարող են վարչապետ դառնալ՝ թե Արամ Մանուկյանը, թե Գառնիկ Իսագուլյանը, թե Մանվել Բադեյանը և թե մյուսները:

«Ես էլ կարող եմ լինել վարչապետ» խոսքին հակադարձեց Բադեյանը ասելով, «Խի դու ով ես: Բա հո դո՞ւ չես լինելու վարչապետը»:

Սրան ի պատասխան Իսագուլյանն էլ նշեց, թե կարող է, սակայն, եթե լինի վարչապետ, շատերը կհայտնվեն ճաղերի ետևում:

«Վախենում են, որ ես լինեմ: Ասում եք Տիգրան Սարգսյանն անփոխարինելի է, օֆշոր ունենա չունենա, ումո՞վ փոխարինենք մեծն Տիգրանին: Բոլոր երկրներում էլ դժգոհում են կառավարությունից, բայց բոլոր երկրներում էլ հրաժարական են տալիս իշխանությունները, իսկ Հայաստանում արդեն հարյուր տոկոսն էլ է անցել: Ասում եք ` անփոխարինելի ենք, ո՞վ ասաց ` անփոխարինելի եք»- նշեց Իսագուլյանը:

Ասուլիսի ընթացքում Իսագուլյանը նշեց, թե ԱԺ շատ պատգամավորներ իրենց երեխաներին ուղարկում են արտերկիր, որ այնտեղ ծննդաբերեն և քաղաքացիություն ձեռքբերեն: Մանվել Բադեյանի հորդորին, թե անուններ տուր, Իսագուլյանն առարկեց, «Կգա ժամանակը կասեմ»: Ի պատասխան սրա էլ, Բադեյանը նշեց.

«Հիմա լավ կլինի ասեմ, որ ձեր կուսակցությունից շատերը գնում արտասահմանում տներ են առնում, բայց ասեմ անուններ չեմ տալիս»: